Լուրեր
Պյոտր Նեմոյի այս համոզմունքը կարծում եմ 100%-ով արդարացված է. Արտակ Զաքարյան
09.02.2023
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Պյոտր Նեմոյի այս համոզմունքը կարծում եմ 100%-ով արդարացված է: Որպես ազգ, որպես առանձին էթնիկ միավոր, մեզ միշտ պակասել է միասնությունը: Մեզ շարունակ փորձել են բաժանել, տրոհել, տարանջատել և մենք ինքներս, պատմության գրեթե ողջ ընթացքում ոչ միայն «համակերպվել ենք» այդ բաժանումների հետ, այլ նաև խորացրել ենք այն` ավելի ու ավելի բարդացնելով միասնականության հարցը:
Արևմտահայ, արևելահայ, տաճկահայ, ռուսահայ, սփյուռքահայ, արցախցի, հայաստանցի, քյավառցի, լոռեցի, մշեցի, վանեցի, ջավախքցի, լիբանանահայ, ամերիկահայ, բրազիլահայ և այսպես շարունակ: Անիմաստ հակադրություններ, վնասակար տարաձայնություններ, մշակութային խառնաշփոթ, աննպատակ ներքին պայքար, ոչ մի տեղ չտանող մրցակցություն, տեղական պսեվդոհայրենասիրություն...
Մեկ անգամ միավորվեցինք` ունեցանք անկախ պետականություն, ազատագրված Արցախ, զարգացող պետություն: Հետո ինքներս մեր ձեռքբերումը չգնահատելով, միմյանց վաստակն ու դերակատարումը չհանդուրժելով, դրսի թշնամիների թաքնված աջակցությամբ կրկին պառակտվեցինք, հեռացանք իրարից, տրոհվեցինք ու հասանք մինչև կործանարար նիկոլիզմին:
Շատ կարևոր է, որպեսզի յուրաքանչյուր Հայ մտածի այս մասին: Որովհետև ցավալիորեն ճշմարիտ է այն միտքը, որ հայերի միակ և ամենամեծ հակառակորդը`
հայերն են:
Միթե՞ մենք չենք կարողանալու ունենալ համազգային բարոյականով ու համընդհանուր նպատակներով առաջնորդվող գեթ մեկ միասնական սերունդ, որն արմատապես կփոխի մեր Ազգի կորստաբեր պատմության ընթացքը և կրկին կտանի իսկական վերելքի ճանապարհով»: