Լուրեր

Ադրբեջանի սանձազերծած շրջափակման հետևանքով Արցախում 10հզ.-ից ավելի մարդ դարձել է գործազուրկ. Տիգրան Աբրահամյան

30.01.2023

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 « Ադրբեջանի սանձազերծած շրջափակման հետևանքով Արցախում 10հզ.-ից ավելի մարդ դարձել է գործազուրկ:

Արցախի օպերատիվ շտաբը տեղեկացրել է, որ առաջիկայում սոցիալական ծանր վիճակի մեղմացմանն ուղղված ծրագրեր է գործի դնելու:

Սոցիալ-տնտեսական առումով ևս Արցախում բազմաթիվ խնդիրներ կան` գործազրկությունից, կոմունալ վճարներից մինչև վառելիքի ճգնաժամ և Արցախը միայն իր ռեսուրսներով, բյուջեի վերաբաշխումներով խնդիրը չի կարող լուծել:

Շրջափակման պայմաններում նոր աշխատատեղերի բացման թեման նույնիսկ տեղին էլ չէ քննարկել, այստեղ սոցիալական նոր փաթեթ պետք է ներդնել, որն առանց Հայաստանի ու միջազգային կազմակերպությունների միջամտության գրեթե անհնարին է իրագործել:

Այս համատեքստում պետք է դիտարկել աշխատանքը կորցրած և սոցիալական ծանր վիճակում գտնվող ընտանիքների կոմունալ վճարների մասնակի կամ ամբողջական փոխհատուցման հարցը:

Քննարկելի է նաև սոցիալական ծանր պայմաններում գտնվող ընտանիքների երեխաների դեղորայքի և սննդամթերքի նվազագույն ծավալի ապահովման հարցը:

Տարեվերջին հայտարարվեց, որ ՀՀ-ում փոխվարչապետի գլխավորությամբ հանձնաժողով է ստեղծվել, որը պետք է զբաղվի Արցախի սոցիալ-տնտեսական, հումանիտար խնդիրներով, նույնիսկ մի քանի մլրդ գումար հատկացվեց» :

 

Արցախի մասով պետք է շտապել, որպեսզի գոնե լուծման ենթակա հարցերը օպերատիվ կարգավորում ստանան` որոշակի առումով մեղմելու առանց այն էլ մարդկանց ծանր պայմանները:

 

← Վերադառնալ ցուցակին