Լուրեր

Այսօր հայտնի դարձավ, որ ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհուրդը հաստատել է Հայաստանում նոր քաղաքացիական առաքելություն ուղարկելու որոշումը. Աշոտյան

23.01.2023

  ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այսօր հայտնի դարձավ, որ ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհուրդը հաստատել է Հայաստանում նոր քաղաքացիական առաքելություն ուղարկելու որոշումը:

Այն լրացուցիչ քննարկումների և վերլուծությունների առիթ է հանդիսանում, քանզի նախորդ նմանատիպ առաքելության գործունեության հետ կապված այդպես էլ մնացին բազմաթիվ կարեւոր հարցեր, որոնք պատասխան չստացան:
 
Մասնավորապես՝ 
1. Ի՞նչ է զեկուցել նախորդ առաքելությունը,
2. Այդ զեկույցների հիման վրա ի՞նչ կոնկրետ որոշումներ է կայացրել Եվրոպական հանձնաժողովը,
3. Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումների արձանագրություններն արդյո՞ք արվել են, թե՞ ՝ ոչ։
4. Ադրբեջանի նկատմամբ ինչպե՞ս է փոխվել Եվրոպական հանձնաժողովի քաղաքականությունն այդ զեկույցների հիման վրա:
Հատկանշական է ԵՄ նոր առաքելության մանդատի ձևակերպումը ՝  «մշտական պարեկության իրականացում և իրավիճակի վերաբերյալ  զեկույցների ուղարկում, ինչը կբարձրացնի ԵՄ-ի կողմից տեղում իրավիճակի ըմբռնումը»:
Ինչպես տեսնում եք՝ պարզ չէ, թե արդյոք այս նոր առաքելության մանդատը ներառում է հրադադարի պահպանման ռեժիմի մոնիտորինգ, ինչը առկա էր նախորդ առաքելության մանդատում թե ոչ։
 
Ի դեպ,  ԵՄ արտաքին ծառայության նախորդ առաքելությանը վերաբերող համապատասխան կայքէջում հրադադարի ռեժիմի մոնիթորինգի մասին հիշատակումը չկա, եւ անհասկանալի է, արդյո՞ք հետո այդ նյութում կատարված փոփոխությունների արդյունքում է այն անհետացել։
Ի՞նչն է պատճառը։ Արդյո՞ք այն հանգամանքը, որ այդ հաշվետու ժամանակահատվածում Ադրբեջանը 15-ից ավել անգամ  խախտելով հրադադարն այդպես էլ ԵՄ կողմից որևէ պաշտոնական արձագանքի չի՞ արժանացել կամ
այն փաստը, որ 176 պլանային դիտարկում իրականացրած ԵՄ 40 դիտորդները 2 ամսվա մեջ արձանագրելով այդ խախտումներն այդպես էլ որևէ արդյունքի չե՞ն հասել, իսկ գուցե չե՞ն արձանագրել, իսկ գուցե արձանագրել են, բայց զեկույցների մեջ չե՞ն ներառվել տվյալ փաստերը:
Կարծում եմ, այս հարցերի պատասխանները կարեւոր են ոչ միայն հայ հասարակության, այլեւ ԵՄ առաքելության նկատմամբ վստահության բարձրացման համար։ 
 
Եթե պարզվի, ոդ ԵՄ նոր առաքելությունը հրադադարի ռեժիմի մոնիտորինգ չի իրականացնելու,  ի տարբերություն նախկին առաքելության անգամ ձևական առումով չի ունենալու նման գործառույթ, պարզ չէ, թե ինչպե՞ս է այն զսպելու ադրբեջանական հնարավոր նոր ագրեսիան և  հետևաբար՝ ինչո՞վ է ամրացնելու Հայաստանի անվտանգությունը:
 
Վստահ եմ, որ ԵՄ-ն ունի ավելի արդյունավետ գործիքակազմ Ադրբեջանի ախորժակները զսպելու եւ ագրեսիաները պատժելու համար, ներառյալ տնտեսական, ֆինանսական եւ քաղաքական պատժամիջոցներ»։

← Վերադառնալ ցուցակին