Լուրեր

Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնին «թառած» տխրահռչակ Արարատ Միրզոյանը հերթական ինքնահարցազրույցն է տվել «Արմենպրես» գործակալությանը. Աշոտյան

20.01.2023

 ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնին «թառած» տխրահռչակ Արարատ Միրզոյանը հերթական ինքնահարցազրույցն է տվել «Արմենպրես» գործակալությանը:

 
Ինչի՞ մասին է այդ հարցազրույցը:
 
Ակնհայտ է, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ միջազգային քաղաքական օրակարգի ուշադրությունը պահպանվում է, ցավոք սրտի, ոչ այնքան Լաչինի միջանցքի փակման հետևանքով ստեղծված աղետալի իրավիճակի, որքան աշխարհաքաղաքական շահերի ու խաղերի համատեքստում:
Արարատ Միրզոյանի ինքնահարցազրույցի առիթը, ըստ ամենայնի, վերջին շրջանում Ադրբեջանի ղեկավար կազմի կողմից հնչեցված մի շարք դրույթներն են, որոնց նա փորձել է արձագանքել: 
 
1. Արարատը «խնամքով» շրջանցել է ամենակարևոր հարցը, թե որ փաթեթի շուրջ են տեղի ունենում բանակցությունները, մինչդեռ նրա, Նիկոլի և ՔՊ-ական այլ դուրսպրծուկների վերջին հանրային խոսքից ակնհայտ է, որ բանակցություններն ընթանում են Արևմտյան տարբերակով, որը, հիշեցնեմ, խաչ է քաշում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի և ապագա կարգավիճակի վրա: 
 
2. Արարատը պնդել է, որ Հայաստանը կրկին ինչ-որ առաջարկներ է փոխանցել Ադրբեջանին, բայց հերթական անգամ այդ առաջարկությունների բուն բովանդակությունը հասանելի չէ հայ հասարակությանը, ինչը ևս մեկ անգամ փաստում է այն իրողությունը, որ մեր մեջքի ետևում վարվում են բանակցություններ, որոնք ակնհայտորեն տրորում են հայկական, պետական, ազգային շահերի կարմիր գծերը: 
 
3. Զավեշտալի է, որ Արարատ Միրզոյանը, ով թուլամորթաբար փախավ Մոսկվայում եռակողմ հանդիպման հնարավորությունից և կորցրեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ու Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի ներկայությամբ Հայաստանի պահանջները արտահայտելու շանսը, խոսում է այն մասին, որ անկախ այդ հանդիպման հետաձգումից, հայկական կողմն ինչ-որ առաջարկներ է փոխանցել: 
 
4. Պակաս զավեշտալի չէ այն պնդումը, որ Հայաստանը «միջազգային հանրության հորդորներին ականջալուր է» և պատրաստ է ավելի ինտենսիվ բանակցել այն դեպքում, երբ միջազգային քաղաքական ճնշման կիզակետում պետք է լիներ ոչ թե Հայաստանը, որն առանց այդ էլ դավաճանական իշխանությունների ջանքերով չափից ավելի իջեցրել է նշաձողը, այլ ՝ Ադրբեջանը, որն ակնհայտորեն սադրիչ և ագրեսիվ գործողություններ է շարունակում իրականացնել Արցախի և Հայաստանի հանդեպ: 
 
5. Նիկոլի սադրանքից մազապուրծ եղած եւ դրա համար դիվանագիտական ծառայության ղեկավար դարձած Արարատ Միրզոյանը նաև պնդում է, որ Հայաստանը որևէ լիազորություն չունի Լաչինի միջանցքի հետ կապված՝ հղում անելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի վրա, կրկին սվաղելով այն փաստը, որ Հայաստանի գործող ղեկավարությունն է հասցրել իրավիճակը նման եռակողմ հայտարարության, ստորագրել է այդ հայտարարության տակ և «ջարդել» է Լաչինի միջանցքի այս աղետալի վիճակը Արցախի ժողովրդի գլխին:
 
6.  Պակաս սրիկայություն չէ նաև ԼՂ ներքաղաքական իրավիճակին վերաբերող ակնարկը. ԼՂ ներքաղաքական կյանքը որևէ առնչություն չպետք է ունենար Հայաստանի արտաքին քաղաքականության հետ և այն ՀՀ ԱԳՆ պաշտոնը զբաղեցնող անձի պատասխանատվության տիրույթում չէ: 
 
7. Միրզոյանի՝ Լավրովյան վերջին ասուլիսին հնչած ադրբեջանական կողմի ականապատման մեղադրանքներին վերաբերող անդրադարձը նույնպես ուշացած է. երկու օր է անցել: Հայ  քաղաքական մտքի առողջ հատվածն արդեն իսկ անդրադարձել է այդ հարցին: 
 
8. Ինչ վերաբերում է 2021 թվականի արտադրության հայկական ականների՝ ադրբեջանցիների ձեռքերում հայտնվելու փաստին, ապա ևս մեկ անգամ արձանագրենք, որ դա հնարավոր է դարձել միմիայն բանակի, Հայաստանի պաշտպանության, ԶՈՒ նկատմամբ ունեցած ընդհանուր բարձիթողի վիճակի, պատեհապաշտներին կադրերի նշանակումներով խրախուսելու քաղաքականության հետևանքով, որի արտացոլումն էր նաև երեկվա ողբերգական դեպքը: 
 
9. Հայաստանի արտաքին քաղաքականության սնանկության մասին փաստում է Արարատի նաև հետևյալ «միտքը»՝ «որպեսզի միջազգային հանրությունը համոզվի, որ միջանցքը փակ է, թող ՄԱԿ կամ ԵԱՀԿ փաստահավաք խումբ ուղարկի»: Այսինքն ՝ 40 օրվա ընթացքում ՀՀ իշխանություններին այդպես էլ չի հաջողվել, Արարատի փաստմամբ, միջազգային հանրությանն անհերքելի տվյալներ և ապացույցներ ներկայացնել, որ Ադրբեջանը փակել է Լաչինի միջանցքը:
 
10. Հատկանշանակ է, որ Միրզոյանը «լայաղ» չի արել անդրադառնալ Եվրոպական Խորհրդարանի երեկ ընդունած բանաձևին ՝ Լաչինի միջանցքի փակման հետ կապված, որն անկախ այն հանգամանքից, որ աշխարհաքաղաքական գնահատականներ էր պարունակում ռուս-արևմտյան հակամարտության պարագայում, այնուհանդերձ, հստակ մեղադրում է ադրբեջանական կողմին և հղում է անում Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքներին, որոնց թվում է նաև ազգերի ինքնորոշման իրավունքը։
 
11.  Ինչ վերաբերում է Հայաստան-Վրաստան-Ադրբեջան եռակողմ հանդիպման ՝ Արարատի տված մեկնաբանություններին, ապա ակնհայտ է, որ սրանք նույնպես ուշացած են: 
Առաջին անգամ Իլհամ Ալիևը մեղադրել է Հայաստանին նման ձևաչափը տապալելու մեջ ոչ թե Դավոսյան ֆորումում, այլ ՝ մի քանի շաբաթ առաջ Բաքվում արտասահմանցի լրագրողների և փորձագետների հետ տեղի ունեցած միջազգային հանդիպման ժամանակ: 
 
Հ. Գ. Եվ, ի դեպ, Դավոսի մասին. մինչև 44-օրյա պատերազմը Նիկոլը և իր
թափթփուկները սիրում էին գնալ այնտեղ և «վիզը ծռած» նկարվել Ալիևի հետ: Այսօր, երբ ցանկացած միջազգային շփման հնարավորություն պետք է օգտագործել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների ներկայացման, առաջխաղացման, Արցախի ժողովրդի ձայնը բարձրացնելու համար, Հայաստանի և ոչ մի պաշտոնյա Դավոսում ներկայացված չէ:
Անգամ ՀՀ նախագահի պաշտոնին «թառած» Վահագն Խաչատուրյանը, որ անցյալ տարի, ըստ ամենայնի, բավարարել էր իր տուրիստական հետաքրքրությունները Դավոսի հետ կապված, հարկ չի համարել այս տարի գնալ և խոսել:
Դրա փոխարեն Ալիևը բազմաթիվ հանդիպումներում առաջ է տանում Ադրբեջանի կողմից շրջանառվող հակահայկական կեղծ թեզերը, որոնց դեմն առնող չկա: 
Արարատի խղճուկ հարցազրույցն ընդամենն ընդգծում է պրոբլեմի սրությունը»:

← Վերադառնալ ցուցակին