Լուրեր
Այսօր իշխանությունը հայտարարում է, որ բանակցում է ամերիկյան տարբերակ՝ հրաժարվելով Արցախից. Աշոտյան
19.01.2023
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այսօրվա ողբերգության ֆոնին, երբ այս մահաբեր իշխանությունների լկտիության, թափթփվածության, դիտավորության պատճառով մահացել են 15 մեր լույս տղաներ, ստվերվեց Քաղպայմանագիր կոչվող ոհմակի կողմից արված խոստովանությունն առ այն, որ ԼՂ խնդրի շուրջ բանակցություններն այս պահին ընթանում են Արևմտյան, մասնավորապես՝ ամերիկյան տարբերակով:
Հիշեցնեմ, որ արևմտյան ոչ մի տարբերակ, այդ թվում ՝ ամերիկյանը, չի դիտարկում ԼՂ ինքնորոշման իրավունքի երաշխավորման, կարգավիճակի առնվազն հետաձգման և այդ ուղղությամբ բանակցություններն ապագայում շարունակելու հնարավորություն, այլ վերջնականապես Արցախի ապագայի հարցը տեսնում է բացառապես Ադրբեջանի կազմում:
Նման ակնարկներն արվում էին տարբեր վայ-պաշտոնյաների շուրթերով և երբ Նիկոլ Փաշինյանն Ազգային Ժողովում հայտարարում էր, որ դեմ չէ ռուսական տարբերակին, որով Արցախի կարգավիճակի լուծումը հետաձգվում էր, բայց կողմ է նաև Արևմտյան տարբերակներին, որով այդ կարգավիճակի վրա խաչ էր քաշվում, այդ ծղրտոցների մեջ պակասում էր եզրափակիչ ակորդը՝ վերջնականապես ընդունելու իրենց դավաճանական քաղաքականությունն իրականացնելու որոշումը:
Սարգիս Խանդանյան կոչվողի շուրթերով այսօր իշխանությունը հայտարարում է, որ բանակցում է ամերիկյան տարբերակ՝ հրաժարվելով Արցախից:
Սիրելի՛ հայրենակիցներ,
ձեզ կրկին «կկտեն» Ստեփանակերտ-Բաքու «երկխոսության» հեռանկարով, որը, ինչպես ապացուցել եմ և փաստել եմ՝ Բաքվի տակ Ստեփանակերտի ենթակայության մի դավաճանական գաղափար է (տես այստեղ ՝ https://www.facebook.com/armen.ashotyan/posts/10228476399153145 ), ձեզ «կկտեն» աշխարհաքաղաքական իրավիճակով, բայց այդ ամենը սուտ է:
Փաստը մնում է փաստ, որ Նիկոլ Փաշինյանը վերջնականապես հրաժարվում է Արցախից, բանակցում է արևմտյան տարբերակ, որով Արցախը դրվում է Ադրբեջանի ենթակայության ներքո և այդ ամենն անում է աշխարհաքաղաքական իր խաղերի համատեքստում:
Սրանից ավելի լավ խոսոտովանություն, որ թրքաբարո դավաճան իշխանությունները հետևողականորեն իրականացնում են իրենց հայատյաց քաղաքականությունը, գոյություն չունի:
Հիշեցման կարգով նաև փաստեմ, որ երեկ Եվրոպական խորհրդարանում ընդունված «Ընդհանուր արտաքին և անվտանգային քաղաքականության իրականացում» զեկույցում գրված է, որ կարգավորման սկզբունքներից մեկը պետք է լինի ինքնորոշման իրավունքը, ավելին ՝ Եվրոպական Խորհրդարանի այսօրվա հրատապ բանաձևում, որ ընդունվել է Լաչինի միջանցքի փակման հետ կապված, հղում կա Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների վրա (դրանցից մեկն ազգերի ինքնորոշումն է), իսկ այս սրիկաները շարունակում են հետևողականորեն իրականացնել Արցախի հանձնման գործընթացը» :