Լուրեր
«Ականների փոխադրման ադրբեջանական տվյալները» քար է՝ նետված ՌԴ ՊՆ-ի այգի.Արմեն Աշոտյանը պատասխանել է ՏԱՍՍ-ի հարցերին
19.01.2023
Հայաստանի սահմանին ԵՄ առաքելության առկայությունը չի խանգարել ադրբեջանական կողմին ավելի քան 15 անգամ խախտել հրադադարը, իսկ Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման արևմտյան սցենարի համաձայն՝ Լեռնային Ղարաբաղը փոխանցվում է Ադրբեջանի կազմ։ ՏԱՍՍ-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին ղեկավար, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ մեկնաբանելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, թե. Ռուսաստանը դեռ պատրաստ է ՀԱՊԿ առաքելություն ուղարկել Հայաստանի և Ադրբեջանի սահման, սակայն Երևանը նախընտրում է ԵՄ առաքելության շուրջ բանակցել Բրյուսելի հետ։
«Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ նախարար Լավրովի մի քանի հայտարարությունները մեծ հնչեղություն ունեցան: Մասնավորապես, կոնկրետ առաքելության հարցը մեծ նշանակություն չունի՝ առանց այս հակամարտության կարգավորման իրավիճակի համապարփակ գնահատման, թեև, մի կողմից, ՀԱՊԿ-ից շատ ավելի մեծ ակնկալիքներ կան, իսկ եվրոպական նախորդ առաքելությունը չի խանգարել Ադրբեջանին հրադադարի ռեժիմը խախտել ավելի քան 15 անգամ։ Այս առումով մեզ համար «կարմիր գիծը» Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի հարցի պահպանումն է՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի համատեքստում: Այդ հնարավորությունը պահպանվում է ռուսական տարբերակի բանակցային փաթեթում, մինչդեռ պայմանական արևմտյան սցենարում Լեռնային Ղարաբաղի ապագան դիտվում է բացառապես որպես Ադրբեջանի մաս»,-ասել է նա։
Ըստ Աշոտյանի՝ Լավրովի հայտարարությունը, թե Լաչինի միջանցքի հարցը շուտով կլուծվի, լավատեսություն է ներշնչում, «քանի որ ԼՂ ժողովուրդն արդեն հումանիտար ճգնաժամի եզրին է»։
«Մենք հասկանում ենք, որ Պրահայի հայտարարությունից հետո (Հայաստանի վարչապետ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Ալիևի, Եվրախորհրդի ղեկավար Միշելի և Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հայտարարությունը՝ 2020թ. հոկտեմբերին), ռուսական կողմը օբյեկտիվ հարցեր ունի՝ կապված տարածաշրջանում խաղաղապահ զորակազմի հետագա աշխատանքի հետ։
Սակայն դրա տակ Հայաստանի ստորագրությունը ժամային ռումբ է հենց հայկական շահերի համար և Հայաստանի ներկայիս ղեկավարության աշխարհաքաղաքական մոլախաղերի հետևանք է: Այս հայտարարությանը համաձայնելը հակասում է Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագրին և հետևաբար, ոչ լեգիտիմ է»,-ասել է Աշոտյանը։
Քաղաքական գործիչը նաև հավելել է, որ «նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն, Լաչինի միջանցքի անխափան աշխատանքի պատասխանատվությունը կրում է նաև Ռուսաստանի Դաշնությունը»։
«Այսպես կոչված «Ականների փոխադրման ադրբեջանական տվյալները» քար է՝ նետված ՌԴ ՊՆ-ի այգի, որի աշխատակիցները մշտապես կատարել են այս միջանցքում մեքենաների ստուգման իրենց առաքելությունը։ Իհարկե, մենք դեմ չենք, որ Ռուսաստանը վերստուգի սեփական զորակազմի աշխատանքը, որոնց դեմ մեր կողմից բողոքներ չկան։ Մյուս ուշագրավ փաստն այն է, որ նախարար Լավրովի հայտարարությունը չի վերաբերում այսպես կոչված բնապահպանական օրակարգին, որի պատճառով Ադրբեջանը իբր փակել է միջանցքը։ Սա ևս մեկ անգամ ապացուցում է այն անվիճելի փաստը, որ ի տարբերություն Ադրբեջանի քարոզչական թեզերի, Լաչինի միջանցքի հարցը բնապահպանական և նույնիսկ մարդասիրական չէ, այն ռազմաքաղաքական է»,- եզրափակել է նա։