Լուրեր
Լաչինի միջանցքի փակումը Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ ագրեսիայի դրսևորման նոր եղանակ է. Արտակ Զաքարյան
17.01.2023
Լաչինի միջանցքի փակումը Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ ագրեսիայի դրսևորման նոր եղանակ է` Հայաստանի իշխանությունների սխալ և թուլամորթ քաղաքականության հետևանքով: ArmLur.am-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:
Զրուցակիցը նշում է՝ Արցախի անվտանգային խնդիրները նաև ՌԴ պատասխանատվության հարցն են, սակայն ՀՀ իշխանությունների «անհեռատես և տգետ» քաղաքականության արդյունքում չի հստակեցվել ՌԴ խաղաղարար առաքելության մանդատի լիազորությունների շրջանակը:
Ըստ Արտակ Զաքարյանի՝ անցած երկու տարիները բավարար էին, որպեսզի Հայաստանը` իր և Արցախի շահերից ելնելով հասներ այդ մանդատի միջազգային ճանաչմանը և 2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ Հայտարարության լիարժեք իրագործմանը.
«Արցախի մեր հայրենակիցները հաստատակամ են իրենց արդար և միջազգայնորեն հիմնավորված պահանջում: Հարցի լուծումներից մեկն ամբողջ հայությամբ Արցախի կողքին կանգնելու, նրան գործնականում զորավիգ լինելու, միջազգային բոլոր մակարդակներում Ադրբեջանի անմարդկային և սպառնալից գործողություններն անընդհատ թմբկահարելու, ինչպես նաև օդային ճանապարհով երաշխավորված հումանիտար միջանցք գործարկելու մեջ է:
Իսկ որպեսզի միշտ և հետայսու էլ զերծ մնանք այսպիսի իրավիճակներից` անհրաժեշտ է ազատվել Հայաստանի ու հայ ժողովրդի կենսական շահերի հաշվին ապրող, թուրք-ադրբեջանական պահանջների տակ ծնկի եկած ամոթալի «իշխանություններից»,-ասում է Արտակ Զաքարյանը՝ անդրադառնալով Արցախում ստեղծված իրավիճակին:
Քրիստինա Մուշեղյան
armlur.am