Լուրեր

«Արցախահայության պարագայում ինքնորոշման իրավունքը հոմանիշ է կյանքի իրավունքին»

26.12.2022

 ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը դեկտեմբերի 8-ին խորհրդարանում հայտարարել էր՝ «դեռեւս չկա վերջնական որոշում` խաղաղության պայմանագրո՞վ է ԼՂ հարցը լուծվելու կամ լուծելու փորձ կատարվելո՞ւ է, թե՞ մենք առանձին միջազգային մեխանիզմ ենք ստեղծելու»։

Իսկ լրագրողների հարցադրումը հետեւյալն էր՝ Արցախի հիմնախնդիրը որքանո՞վ է շաղկապվում ՀՀ-Ադրբեջան նախապատրաստվող «խաղաղության պայմանագրին»։ ԱԽ քարտուղարը մանրամասնել էր. «Մինչեւ այս պահը նշյալ մեխանիզմի մասին հստակություն չկա։ Եվ չկա հստակություն՝ խաղաղության պայմանագրո՞վ ենք դա անելու, թե՝ պայմանագրից դուրս։ Հետեւաբար, հիմա հստակ պատասխան չունեմ։ Երեւանը կողմ է անվտանգության երաշխիքների ստեղծմանը եւ որպեսզի ստեղծվի մեխանիզմ, տեղի ունենա քննարկում ԼՂ-ի եւ Ադրբեջանի միջեւ՝ իրավունքների եւ անվտանգության վերաբերյալ։ Դա կարող է ամրագրվել խաղաղության պայմանագրով եւ կամ միջազգային այլ մեխանիզմով»։

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը վերոնշյալ պնդման իսկությունը կասկածի տակ է դնում։ «Առավոտի» հետ զրույցում նա այսպես է հիմնավորում. «Որովհետեւ իրենց քաղաքական թիմի ամենաբարձր մակարդակում եղել են հայտարարություններ, որ այսպես կոչված՝ ՀՀ-Ադրբեջան «խաղաղության պայմանագիրը» չի ներառելու հիշատակում, հղում կամ լուծում Արցախյան հակամարտության։ Սա եղել է նաեւ ԱԳՆ-ի մակարդակով, քանիցս խորհրդարանական մակարդակով, նաեւ՝ Նիկոլ Փաշինյանի մակարդակով։ Ուստի թող իրենք իրենց մեջ հասկանան՝ ո՞րն է սուտն ու իրականությունը։

 

Ի՞նչ վտանգներով է լի գործընթացը։ Այն տրամաբանությունը, թե ՀՀ-Ադրբեջան «խաղաղության պայմանագիրը» կնքենք՝ առանց հիշատակելու Արցախյան հակամարտությունը եւ դրա լուծումը թողնենք Բաքու-Ստեփանակերտ ծիրում եւ կամ միջազգային նորմերի, երաշխիքների տրամաբանության մեջ, որեւէ քննադատության չի դիմանում՝ մի պարզ պատճառով. բացեք եվրոպական կառույցների ցանկացած զեկույց՝ Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարումների, ճնշումների մասին եւ կհամոզվեք, որ Ադրբեջանն անգամ իր քաղաքացիների իրավունքները չի պաշտպանում, ուր մնաց՝ Արցախի Հանրապետության քաղաքացիների։ Ուստի նմանօրինակ ձեւակերպումը չի կարող հիմք ունենալ։ Ավելին՝ թեզը, որն այս պահին բանակցային գործընթացում առաջ է տանում իշխող ուժը, այսինքն՝ իրավունքների հիման վրա բանակցություններ, նույնպես անպտուղ է, որովհետեւ իրավունքները շատ են՝ խոսքի, կյանքի…բայց մեր միջազգային գործընկերներին անհրաժեշտ է բացատրել ու ապացուցել մի պարզ ճշմարտություն, որ արցախահայության պարագայում ինքնորոշման իրավունքը հոմանիշ է կյանքի իրավունքին, այլապես յուրաքանչյուր արցախահայի կողքին պետք է 1 զինված խաղաղապահ կանգնի։ Այլ երաշխիք Արցախի բնակչության անվտանգության համար լինել չի կարող, ուստի դիսկուրսն իրավունքների դաշտ տեղափոխելը շատ վտանգավոր, անպտուղ զարգացումների կբերի»։ Իշխանության մի շարք ներկայացուցիչների պնդումների վերաբերյալ, որ հիմա իրենք Արցախը վերադարձնում են բանակցային սեղան եւ պնդում են, որ Բաքու-Ստեփանակերտ ուղիղ երկխոսություն պետք է լինի, Հայկ Մամիջանյանը նշեց. «Դա ինքնասպանություն է։ Ինչպե՞ս կարող է «վիրավոր» Արցախը բանակցել Բաքվի հետ։ Դեռ մի կողմ դնենք Բաքվի հայտարարությունները, որ Արցախի հետ երբեք չեն բանակցելու։ Անգամ եթե բանակցեին, դա շատ վտանգավոր թեզ է»։ Հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ, որովհետեւ իշխանությունը պնդում է, որ Արցախին վերջապես հնարավորություն է տալիս Բաքվի հետ ուղիղ խոսելու, ինչը նախկինում չկար։ Հայկ Մամիջանյանն այս պնդումը «ցնդաբանության գագաթնակետ» որակեց եւ հարցադրում արեց. «Ի՞նչ կարգավիճակով են վերադարձնում։ Բաքվի այսօրվա խոսույթի՞։ Կարիք կա՞ մի հատ էլ կրկնել, թե պաշտոնական Բաքուն ինչ է ասում այդ մասին։ Պատկերացրեք, ես եւ դուք հավասարազոր իրավունքներով ենք խոսում, եւ ինչ-որ պահից ինչ-որ մեկը երրորդ բանակցողին է ավելացնում. սա չի կարելի որպես հաղթանակ ներկայացնել։ Հիշեցնեմ 2018թ.-ի Փաշինյանի հայտարարությունները՝ կապված Արցախը բանակցային սեղան վերադարձնելու հետ։ Դրանք փաստացի ուլտիմատում էին ԵԱՀԿ ՄԽ համանախագահների առաջ, որովհետեւ ձեւաչափի կազմակերպիչն ու «տերը» ՄԽ համանախագահներն էին։ Ուստի այդ հայտարարությունը պայման էր համանախագահների առաջ, որն անելու իրավունք հայկական դիվանագիտությունը չուներ, որովհետեւ մինչեւ Փաշինյանի գալը հայկական դիվանագիտությունն իրապես կառուցողական համբավ ուներ միջազգային հանրությունում։ Ինչ վերաբերում է բուն փաստին, ապա ցանկալի կլիներ բանակցային սեղանին երկու հայկական հիմնական բանակցողների առկայությունը, կամ գոնե Արցախի կողմից լիներ հայկական շահին հետամուտ բանակցող, բայց հիմա շատ ու շատ պայմաններ դրան հակասում են, եւ այն, ինչ արեց Փաշինյանը՝ ուլտիմատում ներկայացնելով ՄԽ համանախագահներին, վստահ եմ, որ վնասեց բանակցային գործընթացին»։

Անդրադառնալով նաեւ ՔՊ խմբակցության պատգամավորներ Էդուարդ Աղաջանյանի եւ Մարիա Կարապետյանի պնդմանը, թե «ՀՀ-Ադրբեջան սահման գոյություն ունի եւ պետք չէ այն կապել ԼՂ հիմնախնդրի հետ, այլապես ստացվում է, որ հակամարտությունը վերածում ենք տարածքային վեճի», Հայկ Մամիջանյանը շեշտեց. «Իրենք այդպես փորձում են այլ ձեւակերպումներ տալ բանակցային գործընթացից բխող պնդումներին։ Եթե փորձեմ վերաշարադրել, ապա այո, ԼՂ հակամարտությունը երբեք չի եղել տարածքային վեճ, այլ եղել է ազգերի ինքնորոշման վեճ։ Երկրորդ, այո, ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ առկա է սահման, բայց դա բացարձակ չի նշանակում, որ անհրաժեշտ է հարստացնել Ադրբեջանի կեղծ կռվանների զինանոցը եւս մեկով՝ մեջբերելով Ալմա-Աթայի հռչակագիրը, այն էլ՝ միայն դրա հակահայ կետերը։ Հայաստանի կողմից դրա վավերացումն ունի վերապահում, եւ բոլորը դրա մասին բազմիցս խոսել են։ Հետեւաբար այո, Արցախի հակամարտությունը տարածքային վեճ չէ, այո, ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ կա ճշգրտված սահման, բայց այդ գործընթացների ներհայաստանյան քաղաքական մանիպուլյացիաներ անելու համար այնքա՜ն անհեթեթ ու վտանգավոր բաներ են ասել Փաշինյանն ու իր թիմակիցները՝ Ալմա-Աթա, վարչատարածքային բաժանման մասին օրենք, հայկական գյուղերն ադրբեջանական անվանելը եւ այլն։ Շարքը երկար է։ Այս ամենը ոչ միայն այս պահին է վնասում բանակցային գործընթացին, այլեւ հետագայում՝ տարիներ ու տասնամյակներ շարունակ ական է լինելու հայկական կողմի բանակցողների համար»։ Հիշեցնենք, որ 2022թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի նախագահի եւ ԵԽ նախագահի մասնակցությամբ քառակողմ հանդիպման արդյունքներով ընդունված հայտարարությունում ասվում է. «Հայաստանն ու Ադրբեջանը հաստատեցին իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը եւ 1991 թ. Ալմա-Աթայի հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»: Այս հայտարարությանը Փաշինյանն ու իր թիմակիցները քանիցս հղում են անում, սակայն զուգահեռ չեն մատնանշում, որ ՀՀ գերագույն խորհուրդը ԱՊՀ-ի ստեղծման մասին համաձայնագիրը վավերացրեց 1992 թ. փետրվարին՝ վերապահումներով, որ կողմերը ճանաչում եւ հարգում են ազգերի ինքնորոշման իրավունքը, միմյանց տարածքային ամբողջականությունը եւ սահմանների անձեռնմխելիությունը։

Լուիզա ՍՈՒՔԻԱԱՍՅԱՆ
aravot.am

← Վերադառնալ ցուցակին