Լուրեր
12-րդ օրն է, շուրջ 120.000 խաղաղ քաղաքացիների շրջափակել ու ազատ տեղաշարժից զրկել են խուլիգանի կեցվածքով մի խումբ կեղծ «էկոլոգներ». Արտակ Զաքարյան
23.12.2022
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«12-րդ օրն է, շուրջ 120.000 խաղաղ քաղաքացիների շրջափակել ու ազատ տեղաշարժից զրկել են խուլիգանի կեցվածքով մի խումբ կեղծ «էկոլոգներ»:
ԱՄՆ, ՌԴ, ԵՄ, ՄԱԿ ԱԽ, ՄԻԵԴ, Ֆրանսիա, Կանադա, Իսպանիա և այլ երկրներ կոչ են անում բացել Լաչինի հումանիտար միջանցքը և վերականգնել ազատ տեղաշարժը:
Փոխարենը` Ադրբեջանի ուժային կառույցները ներկայացնող, Թուրքիայի ռեգիոնալ նվաճողական ծրագրերին աջակցող և բրիտանական բիզնես շահերը պաշտպանող կեղծ «էկոլոգները» ճանապարհը չեն բացում:
Ստացվում է, որ Ադրբեջանը թքած ունի ԱՄՆ պետդեպի վրա, ՌԴ ԱԳՆ վրա, ԵՄ վրա, ՄԱԿ ԱԽ հրատապ նիստի վրա, Ֆրանսիայի, Կանադայի, Իսպանիայի և այլ երկրների պաշտոնական ներկայացուցիչների վրա: Թքած ունի, որովհետև մեզ կերակրում են հայտարարություններով, իսկ կուլիսներում բանակցում են Բաքվի հետ, որը` Ռուսաստանի դեմ հանելու համար, որը` գազի, որը` նավթի, որը` կոմունիկացիայի, որը` Ուկրաինային աջակցելու և այլն:
Այլապես Արցախի միակ ճանապարհը բացված կլիներ, եթե ԱՄՆ հայտարարություն անելու փոխարեն, օրինակ` սանկցիա կիրառեր Իլհամ և Մեհրիբան Ալիևիների արևմտյան բանկերի անձնական հաշիվների վրա: Լաչինի ճանապարհը կբացվեր, եթե օրինակ` Ռուսաստանը փակեր ցամաքային ճանապարհով Ադրբեջանից ՌԴ մտնող բեռների մուտքը: Լաչինի ճանապարհ բացված կլիներ, եթե Ֆանսիան օրինակ` նախաձեռներ Եվրոպայի Խորհրդում Ադրբեջանի անդամության նպատակահարմարության հարցը, իսկ Կանադան` ասենք նույն աներ ՅՈւՆԵՍԿՕ-ում: Հատկապես, որ վերոնշյալ քայլերի համար առկա են բոլոր հիմնավորումները նաև միջազգային իրավունքի` այդ թվում նաև հումանիտար իրավունքի տեսանկյունից:
Իսկ ինչու՞ է 12 օր շարունակ հումանիտար միակ միջանցքը փակ: Այո ճի´շտ եք, որովհետև ՀՀ «իշխանությունները» ինչպես 44-օրյա պատերազմի, ՀՀ սահմանամերձ տարածքների օկուպացիայի, Գորիս-Կապան ճանապարհը հանձնելու, Բերձոր-Աղավնոն փեշքեշ անելու և այլ կորուստների ժամանակ եղել են դավաճանի ու քաղաքական ոչնչության դերում, այնպես էլ Լաչինի ճանապարհի հարցում են:
Չորս տարում Նիկոլը վերածվեց արտաքին քաղաքական տրյապկայի և դա ակնհայտ է: Ընդ որում ինքն է համաձայնվել այդ դերը ստանձնելուն և ոչ մեկից թող չնեղանա, որ ներհայաստանյան տիրույթում իրեն վիրավորելու աստիճան պիտակավորում ու քննադատում են: Դա բացահայտ ճշմարտություն է և յուրաքանչյուր հայ մարդ, ստեղծված իրավիճակում, իր կարծիքն է բարձրաձայնում դավադիր ու հայրենավաճառ կառավարության մասին:
Հիմա ակնհայտ երևում է Սերժ Սարգսյանի ճշմարտացիությունը, որ Նիկոլին իշխանության են բերել խոշոր ուժերը, որոնց ինքը «պարտվել» է 2018թ-ին: Իսկ Նիկոլը համաձայնվել է իշխանության գալու գնով ծառայել թուրք-ադրբեջանական և այլ օտար շահերի` հայկական շահերի հաշվին:
Եվ այս իրավիճակում, խեղճ հայ ժողովուրդը պետք է Ամանորի սեղան բացի և միամիտ-միամիտ բարձրացնի հաջողակ ու խաղաղ նոր տարվա կենացը: Ախր չափից շատ միամիտ ու չխրատվող ժողովուրդ ենք»: