Լուրեր

Երբ իրեն ցեղասպանել ցանկացող հարևաններ ունեցող ժողովրդի մեջ բազմաթիվ բացառությունները հաշվի առնելով` կա հարստանալու մոլուցք. Արմեն Նավասարդյան

17.12.2022

ՀՀԿ անդամ  Արմեն Նավասարդյանի ֆեյսբուքյան իր  էջում գրել է .

 
«Երբ մի ժողովրդի լայն զանգվածների համար անծանոթ դիմացինի մասին կարծք կազմելու և համապատասխան վերաբերմունքի արժանացնելու համար էական նշանակություն է ստանում օրինակ դիմացինի վարած մեքենայի մոդելը, ապա աշխարհի ժողովուրդների մեջ «Երազ» մոդելի մեքենայի հավաքական կերպարով ներկայացող նույն ժողովուրդը չպետք է զարմանա, թե ինչու աշխարհից համապատասխան արդար կամ ադեկվատ վերաբերմունքի  չի արժանանում...
Երբ իրեն ցեղասպանել ցանկացող հարևաններ ունեցող ժողովրդի մեջ բազմաթիվ բացառությունները հաշվի առնելով` կա հարստանալու մոլուցք և հարստանալու հիմնական նախապայմաններից են ստորությունը, խաբեությունն ու անխղճությունը, ապա կեղտոտ փողի ծանրության տակ կքելուց չխորշող այդ ժողովուրդը չպետք է զարմանա, երբ իրեն վերաբերում են որպես թույլի ու «կքածի», որին ոչ թե խղճում են, այլ որից երբեմն զզվում են...
 
Երբ այդ ժողովրդի ներկայացուցիչները կգիտակցեն, որ գուցե այդ նույն ծանրության տակ են այժմ ոչ միայն կքել, այլև արդեն ծնկել անգամ թշնամու առաջ, երբ կգիտակցեն այն հայտնի ճշմարտությունը, որ ժողովուրդն էլ մի օրգանիզմ է, որի մասնիկները տարբեր անտեսանելի կապերով միմյանց հետ կապված են և դիմացինին վնասելը վնասում է ամբողջին, հետևաբար նաև ամբողջի մաս կազմող վնասողին, երբ դիմացինի հանդեպ ինքնահաստատվելու էժանագին փորձերը կվերածեն հոգեբանորեն ինքնադաստիարակվելու փորձերի գուցե այդ ժամանակ ոտքի կկանգնեն ու կվերականգնեն պատմական արդարությունը...
Լաչինի միջանցքը գուցե երբեք չփակվեր, եթե աչք չփակեինք վերոնշյալ ճշմարտության վրա, գուցե ամբողջական Արցախ ունենայինք, եթե ունենայինք հավատն այդ ճշմարտության հանդեպ...»:

← Վերադառնալ ցուցակին