Լուրեր
Ամենավտանգավոր բանը, որ արեց Նիկոլը մեր ազգի հետ՝ նա բզկտեց հայկական ուրույն քաղաքակրթությունը. Աշոտյան
08.12.2022
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մենք ուժեղ ենք անձերով ու թույլ ենք որպես հասարակություն:
Ի՞նչն է մեզ միավորում այսօր:
Շատերին այսօր միավորում է իրականությունից փախնելու և կենցաղային մակարդակով ապրելու ցանկությունը:
Ամենավտանգավոր բանը, որ արեց Նիկոլը մեր ազգի հետ՝ նա բզկտեց հայկական ուրույն քաղաքակրթությունը:
Հասարակության պառակտումը վերածվել է ազգային աղետի, առանց որի հաղթահարման անհար են լինելու մեր առջեւ եղած մարտահրավերներին դիմակայելու փորձերը։
Հանրային կյանքը կանոնակարգող բազմաթիվ չգրված օրենքներ եւ կանոններ ոչնչացվում են, եւ յուրաքանչյուրն ինքն է որոշում իր համար թույլատրելիի սահմանները՝ հատկապես բարոյագիտական հարթության մեջ։
Մինչեւ 2018 մեզ միավորում էին ազգային շահերի, ինքնության եւ մշակույթի վրա խարսխված արժեքներ։
2018-ի ապրիլից հասարակության մի զգալի մասին միավորում էր նիկոլամանիան։
2020-ի սեպտեմբերի 27-ից մինչեւ նոյեմբերի 9-ը մենք կրկին փորձեցինք միավորվել ազգայինի շուրջ։
Իսկ ահա դրանից հետո հայ ժողովրդին այլեւս ոչինչ չի միավորում։
Մեր պետությունը չի ունենալու հեռանկար այնքան ժամանակ, քանի դեռ մենք չենք կարողանում վերագտնել այն մատրիցան, որը կմիավորի, օրինակ, ինձ ու այս պահին ամենամոլորյալ նիկոլականին»: