Լուրեր

Նիկոլի համար ազգ, բանակ, արժանապատվություն, թասիբ գոյություն չունի. Արտակ Զաքարյան

02.12.2022

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ժողովրդական ասացվածք կա. 

պատիվը տվել են շանը` չի կերել:
 
Երեկ պարզ դարձավ, որ Հայաստանը վերականգնում է դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ: Հունգարիայի կառավարությունը կարծես չի պատրաստվում պաշտոնապես ներողություն խնդրել Հայաստանից` հայ սպայի դեմ 2004թ. կատարված ծանր հանցագործության հովանավորման բարոյական պատասխանատվությունը 2012թ-ին ստանձնելու համար:
Այն Հունգարիայի, որն անտեսելով իրավունքը, Հայաստանի մեջքի հետևում, անարգելով հայ ժողովրդի արժանապատվությունը` 2012թ.-ին Բաքվին է արտահանձնել մարդասպան Ռամիլ Սաֆարովին: Այն Սաֆարովին, որը Բուդապեշտի ՆԱՏՕ-ական դպրոցում կացնահարել է քնած վիճակում գտնվող սպա Գուրգեն Մարգարյանին: Այն Սաֆարովին, որը Բաքվին վերադարձվելուց անմիջապես հետո, պաշտոնապես հերոսացվել է:
 
Երբ Սերժ Սարգսյանը 2012թ. որոշում կայացրեց Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները կասեցնելու մասին (այդ մասին տեղյակ պահելով ՀՀ-ում հավատարմագրված բոլոր դեսպաններին), հիմքում առաջին հերթին պետության հեղինակության, ազգային արժանապատվության, բանակի ու սպայի պատվի հարցերն էին: Դրա համար էլ Հայաստանին ու հայ ժողովրդին աշխարհում հարգում էին: Շատ երկրներ ու միջազգային կառույցներ քննադատեցին Հունգարիայի կառավարության ու Ադրբեջանի այդ համատեղ «գործարքը»:
 
Նիկոլի համար ազգ, բանակ, արժանապատվություն, թասիբ գոյություն չունի: Նա հայերին վերաբերում է միայն որպես կերակրման, հիմարացման ու զիզի-բիզի բաներով խաբելու ենթակա զանգվածի: Որովհետև մենք թույլ ենք տալիս որպեսզի նա շարունակի այդպես վարվել մեր, և մեր երկրի հետ:
Հազարավոր հայորդիների կյանքի ու արյան գնով պահված Հայրենիքը թշնամուն հանձնածի համար ի՞նչ արժեք կարող է ունենալ կացնահարված մեկ սպայի պատիվը: Եվրոպայի ԱԳ նախարարների աչքի առջև Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ գրկախառնված հռհռացող ՀՀ արտգործնախարարին էլ ո՞վ բանի տեղ կդնի, երբ սա բարձրացնի օրինակ հայ ռազմագերիներին դիրքում դաժանաբար գնդակահարության կամ կին զինծառայողների դիերի խոշտանգման հարցերը: 
 
Զինվորականնե´ր, ոստիկաննե´ր, անվտանգության ծառայության, դատախազության և արդարադատության սպանե´ր, ահա ևս մեկ ապացույց, որ սպայի պատիվն ու արժանապատվությունը սրանց համար զրո է, ոչնչություն, դատարկ մի բան: Հայրենիքի առջև ձեր ծառայությունը սրանց համար ոչ թե պետականություն ու պատիվ է, այլ ընդամենը ծախս: Իսկ դուք, երևի ամեն օր զգաստ դիրքով պատվի եք առնում կապիտուլյանտներին, ըստ իրենց ընկալման` փողի խաթեր:
 
Հ.Գ. 1
Ժողովրդական ասացվածք կա. 
պատիվը տվել են շանը` չի կերել:
 
Հ.Գ.2
Իհարկե չպետք է մոռանալ, որ Հունգարիայի կառավարության միջնորդությամբ (մենք շնորհակալ ազգ ենք) 2021թ. հինգ հայ ռազմագրերիներ վերադարձվել են Հայաստան: Բայց դա հիմք չի տալիս մոռանալու հայ սպայի անարգված պատիվն ու արժանապատվությունը: 
 
Հատկապես, որ ռազմագերիներին անմիջապես վերադարձնելու ստանձնած պարտավորության փոխարեն, Ադրբեջանը մեր գերևարված տղաների վերադարձը դարձրել էր այլ պետությունների հետ միջազգային առևտուր անելու և Հայաստանի վրա որպես «լավություն» ծախելու գործարք: Դա Հայաստանի տխրահռչակ կառավարությանը միջազգայնորեն նսեմացնելու ևս մեկ առիթ էր»:

← Վերադառնալ ցուցակին