Լուրեր

Ո՞ւմ կամ ինչո՞ւ էր պետք, որ Արմեն Աշոտյանը դադարի արտերկրում ներկայացնել Հայաստանի շահերը. Քննչական կոմիտեի պատասխանի մութ անկյունները

29.11.2022

 Նոյեմբերի լույս 16-ի գիշերն արգելափակվել է Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանի ելքը ՀՀ-ից: «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային ստուգման փուլում արգելքի որոշումը Աշոտյանին բացատրել են նրա՝ ինչ-որ գործով մեղադրյալ լինելու հանգամանքով, մինչդեռ ՀՀԿ փոխնախագահը պնդում է՝ իրեն ոչ մի գործով որևէ մեղադրանք առաջադրված այդ պահի դրությամբ չի եղել:

168.am-ը հանգամանորեն անդրադարձել է այս թեմայի մանրամասներին և փորձելով հասկանալ՝ այնուամենայնիվ, մեղադրանք ՀՀԿ փոխնախագահին առաջադրված եղե՞լ է, թե՞ ոչ, նաև հարցումներ էր ուղարկել իրավասու պետական մարմիններ՝ ՀՀ Ոստիկանություն, Գլխավոր դատախազություն, Քննչական կոմիտե, Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) գրասենյակ:

 

Ոստիկանությունից ցանկացել էինք ճշտել՝ ինչո՞ւ է արգելափակվել Արմեն Աշոտյանի ելքը երկրից, ՀՀ-ից Արմեն Աշոտյանի ելքի արգելափակման որոշումը ե՞րբ է կայացվել, խնդրել էինք նշել որոշման օրը և ժամը, ինչի՞ հիման վրա է կայացվել ՀՀ-ից Արմեն Աշոտյանի ելքի արգելքի որոշումը, ի՞նչ կարգավիճակ ուներ Արմեն Աշոտյանը նրա՝ երկրից մուտքի արգելքը կայացնելու պահի դրությամբ, արգելքի վերաբերյալ որոշման կամ գրության մեջ (խնդրում էինք նշել իրավական ակտի տեսակը) արդյո՞ք նշված են եղել նրա ՍԷԿՏ-ը փակելու հիմքերը:

Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում համարել էին, որ մեծ հրապարակայնություն ունեցող քրեական վարույթին վերաբերող տեղեկություններն անձնական տվյալներ են, և մերժել էին պատասխանել մեր հարցերին:

«Հայցվող տեղեկությունների տրամադրումը ենթակա է մերժման, քանի որ պարունակում է Արմեն Աշոտյանի անձնական կյանքի վերաբերյալ տվյալներ և բացակայում է վերջինիս կողմից Ձեզ տրված համապատասխան լիազորագիրը»,- նշված էր ոստիկանությունից ստացված https://168.am/2022/11/23/1800759.html պատասխանում:

Այս հարցերը զուգահեռաբար հղել էինք նաև Գլխավոր դատախազությանն ու Քննչական կոմիտեին:

Դատախազությունից խուսափել էին պատասխանել մեր հարցերին ու հորդորել էին դրանք ուղղել նախաքննական մարմնին: Իսկ մնացած հարցերին պատասխանելիս կրկնել էին իրենց՝ օրեր առաջ ուղղված հարցման պատասխանը:

Բնականաբար, թեմայի հետ մանրամասները և հատկապես՝ ՀՀ-ից Արմեն Աշոտյանի ելքի արգելափակման որոշումը կայացնելու օրը և ժամը ճշտելու միակ մարմինը մնացել էր Քննչական կոմիտեն (ՔԿ), որին էլ խնդրել էինք պատասխանել՝ ինչի՞ հիման վրա է կայացվել ՀՀ-ից Արմեն Աշոտյանի ելքի արգելքի որոշումը, ի՞նչ կարգավիճակ ուներ Արմեն Աշոտյանը նրա՝ երկրից ելքի արգելքը կայացնելու պահի դրությամբ, արգելքի վերաբերյալ որոշման կամ գրության մեջ (խնդրել էինք նշել իրավական ակտի տեսակը) արդյո՞ք նշված են եղել նրա ՍԷԿՏ-ը փակելու հիմքերը:

ՔԿ-ից ստացված պատասխանը բավականին ուշագրավ էր:

Այսինքն, ըստ Քննչական կոմիտեից ստացված պատասխանի, նոյեմբերի 16-ին՝ տառացիորեն ժամեր անց այն բանից հետո, երբ Արմեն Աշոտյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է, որ մեկնելու է Լիսաբոն՝ մասնակցելու Եվրոպայի ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) հավաքին, Արմեն Աշոտյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին միջնորդություն է ներկայացվում հսկող դատախազին, որը բավարարվում է նույն օրը և նույն օրն էլ որոշում է կայացվում  Աշոտյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին:

Փաստացի հենց նոյեմբերի 16-ին էլ Քննչական կոմիտեն որոշում է կայացնում ՀՀԿ փոխնախագահի նկատմամբ խափանման միջոց կիրառել բացակայելու արգելքը, որն էլ «անհապաղ ուղարկվել է սահմանային վերահսկողություն իրականացնող լիազոր մարմին»:

Կարո՞ղ է այս իրողություններին ծանոթացող կողմնակի անձը մտածել, որ ափալ-թափալ վարույթը հարուցել ու ամեն ինչ կազմակերպել են այն նպատակով, որպեսզի Արմեն Աշոտյանը չգնա Լիսաբոն ու մասնակցի ԵԺԿ հավաքին: Կարո՛ղ է, որովհետև համենայն դեպս ՔԿ-ից այլ պատասխան չենք ստացել:

Եվ ուրեմն՝ ո՞ւմ կամ ինչո՞ւ էր պետք, որ Արմեն Աշոտյանը չմեկնի Լիսաբոն ու չմասնակցի ԵԺԿ հավաքին, որ դադարի արտերկրում զբաղվել Հայաստանի շահերով: Հարցը հռետորական չէ…

Գոհար Սավզյան

168.am

← Վերադառնալ ցուցակին