Լուրեր

2018 թվականին, երբ հայ ժողովրդին բաժանում էին սևի ու սպիտակի, ըստ երևույթին առաջնորդվում էին «բաժանի՛ր, որ տիրես» սկզբունքով. Շուշան Զաքարյան

26.11.2022

ՀՀԿ անդամ  Շուշան Զաքարյանը ֆեյսբուքյան իր  էջում գրել է.

 
«2018 թվականին, երբ հայ ժողովրդին բաժանում էին սևի ու սպիտակի, ըստ երևույթին առաջնորդվում էին «բաժանի՛ր, որ տիրես» սկզբունքով։ Եվ այս ամենը հատուկ միտում ուներ, քանի որ ազգին բաժանելով ավելի հեշտ է հարվածներ հասցնել պետության հիմնաքարերին ու ոչնչացնել այն։
Ցավոք սրտի, այդ բաժանման օրինակներից մեկին մենք ականատես եղանք օրեր առաջ։ ՌԴ նախագահի Հայաստան ժամանելու հետ մեկտեղ հասունացել էին այսպես կոչված հակառուսական ակցիաներ, իսկ հակառակ կողմում 44 օրյա պատերազմի ու սեպտեմբերյան լայնածավալ հարձակման հետևանքով անհետ կորած համարվող ու գերևարված զինծառայողների ծնողների ու հարազատների կողմից իրականացվող ակցիաներն էին, որտեղ խնդրում էին ՌԴ նախագահին օգնել իրենց։
 
Այս երկու իրարամերժ ակցիաները հետևանք են ՀՀ ներկայիս իշխանության բացահայտ ու բացարձակ անգործության։ Եթե վարչապետի աթոռը զբաղեցնող անձն, ով  իր ելույթում ասաց, որ մեր գերիները մեզ կներեն 2 ամիս ավել գերության մեջ անցկացնելու համար և այդ ելույթից ավելի քան մեկ տարի անց դեռ ունենք գերության մեջ գտնվող հայրենակիցներ, իր ֆրակցիայով հանդերձ տեսանելի և ընդունելի քայլեր ձեռնարկի մեր հայրենակիցներին վերադարձնելու, դեռևս անհետ կորած համարվող զինծառայողների մասին լուրեր տրամադրելու համար, ապա կարիքը չի լինի խնդրել, դիմել ռազմավարական դաշնակցին սեփական երկրի հարցերով զբաղվելու համար։
Հակառուսական ակցիաների մասին խոսելիս ինքնստինքյան հարց  է առաջանում, թե որտե՞ղ է երկրի իրավապահ համակարգը։ Ցավով պետք է նշեմ, որ այդ նույն իրավապահ համակարգը ընդդիմության բազմահազարանոց ցույցերի ժամանակ փողոց էր դուրս բերում ոստիկանության ամենատարբեր ստորաբաժանումների տասնյակ հազարավոր ոստիկանների ու հրահանգում բռնի ու անհամաչափ ուժ կիրառել՝ այդ թվում կանանց ու անչափահասների նկատմամբ։ Իշխանական խունտայի ու վարչապետի աթոռը զբաղեցնողի անվտանգ մուտքը Եռաբլուր ապահովելու համար այդ նույն ոստիկանները անմարդկային ուժ էին կիրառում հերոսացած տղերքի ծնողների դեմ։ Սակայն, 200, 300 կամ էլ 400 հոգանոց հակառուսական ակցիայի իրականացման վայր բավական չէ, որ հսկայածավալ ոստիկանական ուժեր չտեղափոխվեցին, դեռ ավելին՝ ակցիան հասցվեց ավարտին։
Ի՞նչ հետևություն կարելի է անել  այս ամենից։ Պարզից էլ պարզ է, որ ակցիան ընդամենը ձեռնտու էր գործող վարչախմբին։ Քանի որ գործող իշխանությունները ռազմավարական դաշնակցի ու նրա կարևորության, ՀԱՊԿ-ի մասին հիշում են միայն, երբ տեղի է ունենում անդառնալի՝ այն է, սահմանային լայնածավալ գործողություններ, որին զոհ են դառնում մի քանի տասնյակից ավել զինծառայողներ։ Սակայն այդ ժամանակ էլ ՀԱՊԿ-ի կամ ռազմավարական դաշնակցի հասցեին հնչում են բացառապես մեղադրանքներ։
 
Կապիտուլյանտն ու իր խունտան բազմիցս են նշել, որ պատրաստ են Արցախը ճանաչել ադրբեջանի կազմում, իսկ Արցախն ամբողջությամբ հայաթափելու ու ադրբեջանին նվիրելու հարցում նրանց «խանգարում» են խաղաղապահները, որոնցից փորձում են «ազատվել» հակառուսական քարոզով ու ակցիաներով։
Սակայն, հերթական անգամ այս մարդիկ մոռանում են կամ ձևացնում են իբրև մոռացել են, որ իրենց իսկ ղեկավարը հայտարարեց, որ Ալիևը սպառնում է Արցախում հայերի ցեղասպանությամբ, և որ կարող է ստորագրել «Խաղաղության պայմանագիրը» սակայն չկա երաշխիք, որ ստորագրումից 12 ժամ հետո չի սկսվի պատերազմ։
 
Առավել քան երբևէ, պահի լրջությունը հասկանալու համար  բավական է կես ժամ քայլել Երևանի փողոցներով ու հաշվել 30 րոպեի ընթացքում հանդիպած թուրքերին ու ադրբեջանցիներին և թուրքական ու ադրբեջանական պետհամարանիշներով ավտեմեքենաները։  Գուցե այդ ժամանակ ռուսամետ ու հակառուս, արևմտամետ ու հակաարևմտական, սև ու սպիտակ, նախկին ու ներկա, կուսակցական-անկուսակցական, «քաղաքականությամբ չզբաղվող» ու «քաղաքագետ», ընդդիմության ընդդիմություն ձևացողները գիտակցեն, որ  ինքնիշխանության ու պետականության կորստի վտանգը, բնաջնջման վտանգը ոչ-ոքի չի շրջանցելու»։

← Վերադառնալ ցուցակին