Լուրեր
13 հիմնական ապացույց Արմեն Աշոտյանից, որ Փաշինյանը ստում է․ Շարմազանով
14.11.2022
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«13 ապացույց ի հակադրություն Նիկոլ Փաշինյանի ստերի, թե Արցախը Ադրբեջանի կազմում Հայաստանը ճանաչել է դեռևս 2007 թվականին:
Ապացույցներ.
1. Մադրիդյան կոչվող սկզբունքները (2007 թ. նոյեմբեր) իրենց մեջ պարունակում են 3 հիմնական սկզբունք՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, տարածքային ամբողջականություն և ազգերի ինքնորոշման իրավունք: Այսինքն՝ 2007-ի փաստաթղթի մեջ, որով Նիկոլը փորձում է արդարացնել իր դավաճանությունները, գրված և միջազգային միջնորդական խմբի կողմից արձանագրված սկզբունք է ՝ Արցախի ժողովուրդն ունի ինքնորոշման իրավունք:
2. «Մայնդորֆյան հռչակագիրը», որը ստորագրվել է 2008-ին ՝ Սերժ Սարգսյանի, Իլհամ Ալիևի և Մեդվեդևի կողմից, Ադրբեջանը համաձայնեց, որ «Մադրիդյան սկզբունքները» հիմք են հանդիսանալու այս կոնֆլիկտի կարգավորման համար:
3. 2009-2013 թթ.Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարները 5 անգամ ընդունել են համատեղ հայտարարություն, որոնցով բացահայտել են Արցախյան հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքները և տարրերը: Դրանք հիմնված են եղել 2007 թ.-ի «Մադրիդյան սկզբունքների» վրա, բայց առավել բանակցված, առավել պրոհայկական ձևակերպումներ պարունակող:
4. 2011թ. հունիսին Կազանում Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին Ռուսաստանի այն ժամանակվա նախագահ Դմիտրի Մեդվեդևի կողմից առաջարկված փաստաթուղթը, որը մերժեց Իլհամ Ալիևը ապացույց է, ապտակ է Նիկոլի ստին, թե 2007-ից Հայաստանը Արցախը տվել էր Ադրբեջանին:
5. 2016-ի հոկտեմբերին Ադրբեջանի նախագահը հրապարակայնորեն հայտարարում է, որ աշխարհը ստիպում է իրեն ճանաչել Արցախի անկախությունը:
6. 2017-ի նոյեմբերին Հայաստանն ու Եվրամիությունը ստորագրում են Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (ՍԵՊԱ), որտեղ ներառված է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը որպես Արցախի խնդրի կարգավորման սկզբունքներից մեկը:
7. 2019-ին Նիկոլ Փաշինյանն ընդունում է Արայիկ Հարությունյանի կուսակցության պատվիրակությանը և խոստովանում, որ Պուտինը, Լուկաշենկոն, Նազարբաևը իրեն ասում են՝ Ալիևը շատ լավ հասկանում է, որ Արցախն Ադրբեջանի կազմում չի լինելու:
8. 2020-ի հունվարին Կապանում Նիկոլ Փաշինյանն ինքն է կարդում Սերժ Սարգսյանի թողած ժառանգությունը՝ Արցախը պետք է ունենար ոչնչով չսահմանափակված, պարտադիր ուժ ունեցող հանրաքվեի հնարավորություն՝ միջանկյալ կարգավիճակով:
9. Անգամ պատերազմից հետո 2020-ի ձմռանը ՌԴ ԱԳՆ-ն ռուս նախկին համանախագահ Իգոր Պոպովի շուրթերով ներկայացնում է արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացի բովանդակությունը ՝ Արցախի միջանկյալ կարգավիճակ, վերջնական կարգավիճակ, հանրաքվե և այլն: Սա մինչ այն պահը, երբ 2018-ին տեղի ունեցավ իշխանափոխություն:
10. Ֆրանսիայի սենատը 2020-ի նոյեմբերին, պատերազմից հետո, ընդունել է բանձև՝ կոչով դիմելով Ֆրանսիայի կառավարությանը՝ ճանաչել Արցախի անկախությունը:
11. 2020-ի նոյեմբերին ԵՄ ԱԳ նախարար Բորելը ԵՄ պաշտոնական տեսակետն է հայտնում ՝ ԼՂ խնդիրը կարգավորված չէ և Արցախի կարգավիճակի հարցը պետք է լինի բանակցությւոնների փաթեթում:
12. Մինչ 2021-ի ապրիլի խայտառակ խորհրդարանական ընտրությունները, ՄԽ համանախագահ երկրները պաշտոնական տեսակետներում հայտնում էին, որ Արցախյան խնդիրը կարգավորված չի, չունի ռազմական լուծում և պետք է կարգավորվի կողմերին հայտնի սկզբունքների և տարրերի հիման վրա:
13. 2022-ի մայիսի 19-ին ԱՄՆ դեսպանը Հայաստանում (անգամ պատերազմից և խորհրդարանական ընտրություններից հետո), տրված հարցազրույցում հայտնել է, որ ԱՄՆ-ն ճանաչում է ԼՂ բնակչության իրավունքը ՝ որոշելու սեփական ապագան»: