Լուրեր

Ինչպե՞ս էր Հայաստանը դեռ 2007-ին ճանաչել Արցախն Ադրբեջանի մաս

13.11.2022

 «Եթե աշխարհն Արցախն Ադրբեջանի մաս էր ճանաչում, ինչո՞ւ էր 2016-ի հոկտեմբերի 7 -ին Ալիեւն ասում՝ փակ դռների հետեւում Ադրբեջանի վրա կա մեծ ճնշում ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Ինչո՞ւ Ալիեւը հրաժարվեց ստորագրել Կազանի հռչակագիրը 2011 թվականին, եթե աշխարհը Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս էր ճանաչում»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` անդրադառնալով օրերս Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանի արած այն պնդմանը, որ դեռ 2007 թվականին ՀՀ-ն ընդունել է, որ Արցախն Ադրբեջանի մաս է: Մեր զրուցակիցը նաեւ հիշեցնում է, որ  2009-2013թթ. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ՝ԱՄՆ-ի,ՌԴ-ի ու Ֆրանսիայի, նախագահներն ընդունել են հինգ հայտարարություն, ըստ որոնց` Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը անքակտելի է։ «Սերժ Սարգսյանի թողած բանակցային փաթեթում Արցախը չէր լինելու Ադրբեջանի կազմում երբեք։ Ու դա, արձագանքելով Փաշինյանի անհեթեթություններին, փաստել է ՌԴ ԱԳՆ -ն, ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Պոպովը` 2021 հունվարին»,- հավելեց մեր զրուցակիցը` շարունակելով․ «Ավելին, ՀՀ-ԵՄ համաձայնագրի առանցքային կետերից է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պարտադիր կամարտահայտությունը, որը վավերացվել է ԵՄ 27 երկրների կողմից։ Ի՞նչ 1991-ի սահմանների ճանաչում։ Ի՞նչ 2007-ի Մադրիդյան սկզբունքներով ճանաչում. դա ի՞նչ կապ ունի»։ Էդուարդ Շարմազանովը Նիկոլ Փաշինյանին նաեւ հարցնում է` Մադրիդյան սկզբունքները եթե վատն էին հայկական կողմի համար, ինչո՞ւ Ալիեւը միանգամից չէր ստորագրում դրանք, ինչո՞ւ ստորագրեց միայն 2008-ին ` Մայնդորֆում, որը հիմք հանդիսացավ Կազանի փաստաթղթի համար։ Իսկ Կազանից հրաժարվել է Ալիեւը։

 
«Փաշինյանի հնչեցրած «թեզերն» այնքան անհեթեթ են, որ նույնիսկ ադրբեջանական կողմը դրանց մասին չի խոսել: Ասում են ՝անհնար է Հռոմի պապից ավելի  կաթոլիկ լինել,բայց Փաշինյանն Ալիեւից ավելի լավ է պաշտպանում Ադրբեջանի բանակցային ժառանգությունը»,- եզրափակեց մեր զրուցակիցը։
 
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
aravot.am
 
 

← Վերադառնալ ցուցակին