Լուրեր

Բանակը կանոնավոր բնույթից ֆիդայականի փոխակերպելու գործընթացը շարունակվում է. Տիգրան Աբրահամյան

04.11.2022

 ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Իշխանության նախաձեռնած Ոստիկանության զորքերը, ևս մի քանի ստորաբաժանումներ իրար միացնելու ու Ազգային գվարդիա ձևավորելու գլխավոր նպատակը, երկրի համար կարևոր ռազմական ռեսուրսը երկրի պաշտպանական գործառույթներից ազատելն է։

 
Համենայնդեպս, Ազգային գվարդիայի նպատակները նման ֆունկցիա չեն սահմանում ու սա այն դեպքում, որ Ոստիկանության զորքերի մասին օրենքի 3-րդ հոդվածը ոստիկանության զորքերի խնդիրների վերաբերյալ նաև սահմանում է զորքերի՝ «Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակցել»։
 
Եթե Հայաստանում նորմալ իշխանություն լիներ պաշտպանության նախարարն իրեն պատեպատ կտար, նախաձեռնության հեղինակներին, նախաձեռնողներին «օդերով կհաներ» Զինված ուժերի ներուժը վատնելու ու փոշիացնելու համար։
Բայց մենք ապրում ենք մի երկրում, որտեղ երկրի պաշտպանությունը ստորադասվում է իշխանության ու նրա բուրգի վերևում կանգնածների անձնական վայելքներին, որտեղ Ոստիկանության զորքերի գործառույթ է դիտվում իշխանական լկտիությունների, սանձարձակությունների պաշտպանությունը, իշխանություն փրկելն ու երկրի հանձնմանը նպաստելը։
 
Վարժական հավաքների թիվ մեկ նպատակ են դարձնում մարտական հերթապահության իրականացումը, որը հակասում է ոլորտը կարգավորող օրենքին, սակայն իր գործառույթներում պաշտպանական խնդիրներ ունեցող ոստիկանության մեծաթիվ զորքերն իրենց զորամասերով ոչ միայն չեն ներգրավում սահմանների պաշտպանությանը, այլ նույնիսկ օրենքով սահմանափակում։
Բանակը կանոնավոր բնույթից ֆիդայականի փոխակերպելու գործընթացը շարունակվում է»:

← Վերադառնալ ցուցակին