Լուրեր
Սփյուռքն այլևս հիասթափված է, և հիասթափված կմնա այնքան, քանի դեռ ՀՀ ներկայացուցիչները սրանք են. Ինեսսա Բարսեղյան
29.10.2022
ՀՀԿ անդամ Ինեսսա Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հայաստան-Սփյուռք համաժողով, որի մեջ կասկածի տակ է դրված և՛ Հայաստանի, և՛ Սփյուռքի՝ որպես Հայաստանին ու հայ ժողովրդին մշտապես օժանդակողի գոյությունը…
1)Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ գործող իշխանությունները 2018թ.-ին մեծ աջակցություն և օժանդակություն էին ստանում հայկական սփյուռքի տարբեր գաղթօջախներից, համընդհանուր ցնծության և ուրախության ֆոնին ահռելի ներդրումներ և նյութական օգնություն տրամադրում Հայաստանին և՛ մինչ պատերազմը, և՛ պատերազմի ընթացքում, բայց ոչ՝ պատերազմից հետո։
Կապիտուլյանտ իշխանությունները ոչ միայն մսխեցին տրամադրվող օգնությունները, այլև կազմաքանդեցին Հայաստան-Արցախ-Սփյուռք երկարամյա եռամիասնությունն ու փոխադարձ վստահությունը։
2)Հայաստանի և Արցախի ներսում սև-սպիտակ, նախկին-ներկա, հայաստանցի-արցախցի որակումներից և պառակտումներից անհագուրդ՝ երբեմնի վարչապետը պառակտումներ և թշնամանք սերմանեց նաև Սփյուռքի գաղթօջախների ներսում, որոնք շուտով իրենց ծայրը ուղղեցին դեպի կապիտուլյանտ իշխանությունները՝ իրենց բողոքի ակցիաներով և ամենաստորացուցիչ խոսքերով դիմավորելով քպական ներկայացուցիչներին։
3)Կոտրվեց Հայաստանի և Արցախի նկատմամբ հավատն ու օգնելու պատրաստակամությունը։
Պատերազմից հետո Սփյուռքն այլևս հրաժարվեց գումար փոխանցել Հայաստանին, առավել ևս՝ որևէ ներդրում կատարել։
4)Մինչ իշխանափոխությունը Հայաստան-Սփյուռք անդուլ աշխատանքների և բոլոր հնարավոր գործիքակազմերի օգտագործմամբ ահռելի աշխատանք էր տարվում Հայոց Ցեղասպանության ճանաչման գործում։ Այսօր մեկ այս իշխանություններն են խուսափում այդ հարցից, մեկ թուրքերը։
Հայոց Ցեղասպանության ճանաչումն այլևս օրակարգում չէ։
Հ.Գ. Այսքանից հետո ակնկալել, որ համաժողովում հայ ժողովրդի համար կենսական և շահավետ հարցեր կքննարկվեն, անմտություն է։ Սրանք կարծում են, որ եթե իրենք արժանապատվությունից զուրկ են, մյուսներն էլ այդպիսին պիտի լինեն։ Ցավալի է, բայց փաստ՝ Սփյուռքն այլևս հիասթափված է, և հիասթափված կմնա այնքան, քանի դեռ ՀՀ ներկայացուցիչները սրանք են»։