Լուրեր
Հայաստանի շուրջն օղակը ավելի ու ավելի է նեղանում . Մարգարիտ Եսայան
26.10.2022
ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հայաստանի շուրջն օղակը ավելի ու ավելի է նեղանում եւ այս իրավիճակում, օղակի ներսում մնացածները բաժանված են մի քանի խմբերի․․.
Հասարակության մի հատված, քաղաքական գործիչներ եւ ուժեր, որ լիովին ընկալում է վտանգները, ահազանգում է, գրում, բացատրում, փաստարկված ներկայացնում այն արհավիրքը, որի մեջ մի ամբողջ երկիր ներքաշել է երկրի այս պահի իշխող խմբակը․․․
Ովքեր ընկալում են սա, փորձում են ընդլայնել հասկացողների խումբը․.․
Եւ , իրականուկ արդեն մեծամասնությունն է հասկանում սա։
Մեկ այլ խումբ անտարբեր եւ անընկալ , ապրում է, հույս փայփայելով, որ գույները խտացված են, եւ, որ ոչ մի վտանգ էլ չկա, էդ ամեն ինչը «նախկիններն են հորինում», որ իրենք գան իշխանության։Այս խմբի ունկին ընկալելի չեն վտանգները, եւ «ժանտախտի ժամանակ խնջույքի» նորմերով դեռ ապրում են․․․
Կա նաեւ մեկ այլ խումբ, որը այս ամեն ինչի դերակատարն է, եւ խամաճիկի պես թռվռում է ռեժիսորների եւ սցենարիստների հրահանգներով․․.Այս փոքրիկ , բայց պնդաճակատ եւ անհայրենիք խմբակը հասցրել է անցնող արդեն հինգերոդ տարում հարստանալ, «լափել ու թալանել» շատ ավելի շատ , քան դա արել են բոլոր նախկին իշխանությունները միասին վերցրած։Այս խմբակը, ջանասիրաբար կատարում է թուրք-ադրբեջանական հրահանգները, արեւմուտքին խայտառակ անճոռնի ռեւերանսներ է անում եւ երկրի դարպասները անբարո կնոջ պես բաց «էստի համեցեք»․ է կանչում․․.Եւ սա ամենեւին ծիծաղելի չէ, սա եղկելի է․․.
Քանզի զոհասեղանին դրված է երկրի պետականության, մի ամբողջ հայրենիքի կորուստի հարցը․․․
Այսօր ռուս գործիչներին թույլ չեն տալիս երկիր մտնել, երեկ՝ Սփյուռքի հայ գործիչներին, վաղը՝ երկրից կվտարեն բոլոր նրանց, ովքեր տեսնում են վտանգը, ահազանգում են, պայքարում, կռիվ տալիս․․.Ու եթե սրանք դեռ շարունակեն իրենց ազգակործան քայլերը, երկիր նաիրյանը կդառնա ոչինչ, կդառնա սոսկ տրանսպորտային ճանապարհ, թուրքի ոտքի տակ․.․
Իսկ Դեր—Զորում հանգչող եւ Եփրատի ջրերը նետված հայ տղամարդկանց ու կանանց, երեխաների ու ծերերի հոգիները կանիծեն մեզ այս նոր Ցեղասպանության առաջ մերկ ձեռքերով կանգնելու եւ երկիրը թուրքի առաջ բացածներին չոչնչացնելու համար․․․
Բայց մենք պարտավոր ենք անել դա եւ կանենք․․.»: