Լուրեր
Մեզ հարկավոր էր գտնել հայի ապրելու բանաձևը. Հանրիխ Դանիելյան
21.10.2022
ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
« «Հայրենիքն ապրում է հայրենասիրությամբ, կործանվում` դրա պակասի պատճառով». Գարեգին Նժդեհ
Մեզ հարկավոր էր գտնել հայի ապրելու բանաձևը, յուրացնել հաղթելու դասը, այլապես վերջնական և անդառնալիորեն կկորցնեինք երկիրը։
1988թ-ին հայը ոտքի ելավ` պաշտպանելու իր ոտնահարված իրավունքներն ու ազատությունները և միավորեց համայն հայությանը մեկ գաղափարի շուրջ` հայը պետք է ապրի իր սեփական հողում՝ ազատ ու անկախ, շենացնի իր պապերի երկիրը և կերտի սերունդների ապագան:
Արցախյան պատերազմը կոտրեց ստրկամտության կարծրատիպերն ու կաղապարները. մենք սկսեցինք ուղղել մեր նախորդների սխալները, շտկել կորացած մեր մեջքը և ազատագրել տարածքները: Սա հոգեբանական լրջագույն հեղաբեկում էր, երբ հայ ազգն իրեն զգում էր որպես երկրի և քաղաքակրթության տեր: Սերժ Սարգսյանը իր մարտական ընկերների հետ կատարեց պատմական այս առաքելությունը։ Սերժ Սարգսյանի,նրա մարտական ընկերների շնորհիվ ունեցանք այն, ինչը չունեինք դար ու դարեր: Ունեցանք Բանակ: Ունեցանք հայրենիքի զինվոր: Հայոց բանակը մեր երեկն է, մեր այսօրը, մեր վաղվա օրը, մեր հարատևության առհավատչյան, մեր լինելիության երաշխիքը:
Վերջապես կայացել էինք ու ունեինք ազգային գաղափարախոսություն։ Ազգային գաղափարախոսություն, որը կդառնար մեր կյանքը կազմակերպելու օրենքը, որը կդրվեր կրթադաստիարակչական ծրագրերի հիմքում։
Առաջնորդվելով ագգային-պետական մտածողությամբ, բանիմացությամբ, անձնական անշահախնդրությամբ, ցուցաբերելով բացառիկ կազմակերպչական տաղանդ ու հետևողականություն, իր արդյունավետ գործունեությամբ Սերժ Սարգսյանը կարողացավ ապահովել երկրի կայունությունը,անվտանգությունը,նրանում իրավակարգի հաստատումն ու ամրապնդումը և այդ կերպ մեծապես նպաստեց նորաստեղծ պետականության ամրապնդման գործին:
Աշխարհի վրա չկա ավելի սրբազան բան, քան ծառայել Հայրենիքի անվտանգությանը. այս խոսքերն էին ընկած Սերժ Սարգսյանի գործունեության հիմքում։
Դրսևորելով ռազմաքաղաքական ու պետական գործչի բացառիկ ընդունակություններ, Սերժ Սարգսյանը ոչ միայն ապացուցեց, որ հայությանը անհնարին է հաղթել, այլև կարելի է զարգացման ու հզորացման ուղիով տանել ազգին, ամրապնդել մեր երկրի հեղինակությունը համաշխարհային բեմահարթակում: Սերժ Սարգսյանի կառավարման վերջին տասնամյակի ընթացքում առավել ակտիվ և նախաձեռնող արտաքին
քաղաքականության ուղեգծի իրականացման արդյունքում շեշտակիորեն ավելացել է
Հայաստանի ներգրավվածությունը տարածաշրջանային և միջազգային գործընթացներում։ Հայաստանի արտաքին քաղաքականության տնտեսական բաղադրիչի առաջմղման արդյունքում ամրապնդվել է փոխգործակցությունն ավանդական գործընկերների հետ,համագործակցություն է ծավալվել տարածաշրջանային և միջազգային ֆինանսական ու տնտեսական կառույցների շրջանակներում:
Վերջին տասը տարվա ընթացքում Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ
է հաստատվել 16 պետությունների հետ:
Հիմնել է 15 դեսպանություն և 4 գլխավոր
հյուպատոսություն, երկու ներկայացուցչություններ միջազգային կազմակերպություններում,
Հայաստանում բացվել են 9 դեսպանություններ և 6 միջազգային կազմակերպությունների
ներկայացուցչություններ:
Ստորագրվել է մոտ ինը հարյուր միջազգային պայմանագիր: Նախագահի մակարդակով
կատարվել է շուրջ երկու հարյուր օտարերկրյա այց, Հայաստան են այցելել հիսուն
պետությունների ղեկավարներ:
Բարձր մակարդակի շփումները, ընդլայնել են փոխգործակցությունն ամենատարբեր
ոլորտներում՝ քաղաքական երկխոսությունից մինչև զարգացման ծրագրեր: Հայաստանը միջազգային հանրության ակտիվ, նախաձեռնող և պատասխանատու անդամ էր,
հուսալի գործընկեր ի շնորհիվ Սերժ Սարգսյանի։
Այս ձեռքբերումները հնարավորություն էին ընձեռնում շարունակել Հայաստանի սկզբունքային ու վստահելի գործունեությունը միջազգային բեմահարթակում: Հայրենապաշտ հայը սերունդներին պատգամեց ամուր և հաստատուն մնալ հայրենի հողում՝ ապրելով ու արարելով հանուն ազատ ու անկախ Հայաստանի»: