Լուրեր

44-օրյա պատերազմի ընթացքում ուղիղ այս օրը գրեցի ստորեւ ներկայացված զգացողություններս. Աշոտյան

20.10.2022

 ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«44-օրյա պատերազմի ընթացքում ուղիղ այս օրը գրեցի ստորեւ ներկայացված զգացողություններս։

 
Հենց նույն գիշերը ռազմական ոստիկանության մարզային ստորաբաժանման աշխատակիցները եկան Սիսիանի ռազմական հոսպիտալ եւ առգրավեցին սմարթֆոնս՝ զրկելով ինձ ոչ այնքան սոցցանցերից, որքան ինտերնետ-կապով իմ միջազգային գործընկերներին պատերազմի ընթացքում թուրք-ադրբեջանական վայրագությունների մասին ճշմարտությունը հասցնելու հնարավորությունից, ինչով գրեթե ամեն օր ծառայությանս զուգահեռ զբաղվում էի։
Նրանք կատարում էին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի եւ նրա տեղակալի ուղիղ հանձնարադությունը, հղում անելով նախարարի ինչ-որ հրամանի վրա։ 
Ամբողջ համացանցը ողողված էր հենց առաջնագծից տեսա- եւ ֆոտոնյութերով, որոնք ուղղակի վնաս ու վտանգ էին պարունակում հայկական բանակին, բայց հենց ես դարձա ՄԻԱԿ մարդը, ում պատերազմի սարսափը եւ ռազմական խնդիրները թողած, հեռախոսազրկում էր ՀՀ ՊՆ-ն։
 
Ի դեպ, դրա նախորդ օրն էլ նույն Տոնոյանի եւ նրա տեղակալի հանձնարարությամբ եկել էին հորս տուն՝ ինձ «զորամասն ապօրինի լքելու» պատրվակով որոնելու։
Անգամ պատերազմի օրերին այս սրիկաներին եւ նրանց շեֆին ավելի շատ հետաքրքրում էր մեզ ճնշելու եւ վերացնելու  շանսը, քան Արցախի ճակատագիրը։
Իսկ այդ գրառումս արդիական է նաեւ այսօր։ Կարդացեք։
 
«Սեղմեք ատամներդ, կծեք ձեր լեզուները։
Բացեք ականջները՝ մարդկանց հոգսը լսելու համար եւ փակեք այդ նույն խեցիները չարության ու ստի հանդեպ։
 
Քիթն օգտագործեք նրա ծակերից ունենալու, այլ ոչ թե ձեզ չվերաբերող գործերի մեջ այն խցկելու համար։
Դառնությունից քարացած սրտերը փափկեցրեք, որ թթվածնով ոռոգեք երկիրը՝ վերադարձնելով կյանքի։
Ձեր սրտի սպիացած խորշերն հատեք, իսկ մնացածների մեջ միջնապատ դրեք, որ տեղ ունենաք մարդկային ապաստարան տալու հոգսաշատներին։ 
 
Շնչեք խնայողաբար՝ թթվածին թողնելով այլոց։
Լյարդում վնասազերծեք ձեր ողջ թարախն ու մաղձը, որ չթունավորեք ձեզ եւ ձեր շրջապատը։
Ստամոքսներդ կարեք, որ քչով հագենաք՝ քարից փափուկ որեւէ բանով։
Բավարարվեք մի ձեռք ու ոտքով, քանզի վերջույթների մյուս թայը պիտի փոխանցեք դրանց կարիքն ունեցողներին։
Ու սովորեք այսօրվանից մի ոտքի վրա սեփական հողին ավելի ամուր կանգնել, քան նախկինում՝ երկու։
 
Գուցե այսքանից հետո ուղեղները սկսի աշխատել, եւ ազգովի ապացուցենք, որ արժանի ենք պետություն ունենալուն եւ այդ պետության խաչը արժանավորների ուսերին դնելուն։
...Շնորհակալ ենք, տղերք...»:

← Վերադառնալ ցուցակին