Լուրեր

Ի՞նչ է նշանակում, թե եռամսյա հավաքներից հրաժարվում ենք և անցկացնելու ենք 25-օրյա հավաքներ. Տիգրան Աբրահամյան

17.10.2022

ԱԺ «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Պաշտպանության նախարարի հայտարարությունը՝ եռամսյա հավաքներից հրաժարվելու և դրանք 25-օրյա դարձնելու վերաբերյալ, քննարկման տարօրինակ կուրս վերցրեց:
 
Մեկ այլ՝ ոչ պակաս խնդրահարույց, հայտարարություն էլ վերաբերվում էր հավաքները՝ ՀՀ բոլոր զինապարտ քաղաքացիների համար պարտադիր դարձնելուն:
 
Նախ, ի՞նչ է նշանակում, թե եռամսյա հավաքներից հրաժարվում ենք և անցկացնելու ենք 25-օրյա հավաքներ: Իսկ որտեղ է գրված, որ դրանք պարտադիր 3-ամսյա բնույթ ունեն:
 
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքն ընդամենը սահմանում է, որ դրանք կարող են լինել մինչև 3 ամիս ժամկետով, իսկ ժամկետը կախված է սահմանված պլաններից և նպատակներից:
Ավելին՝ նույն օրենքը հստակ սահմանում է, թե ինչ է իրենից ներկայացնում վարժական հավաքը: Վարժական հավաքներ` պահեստազորի առաջին խմբում հաշվառված քաղաքացիների ռազմական ունակությունները կատարելագործելու և նրանց վերապատրաստելու նպատակով:
Այսինքն, վարժական հավաքի նպատակը պահեստազորի ռազմական ունակությունները կատարելագործելու և վերապատրաստելու նպատակ են հետապնդում:
 
Վարժական հավաքները հայտարարվում են ՀՀ կառավարության որոշմամբ` յուրաքանչյուր տարվա զորահավաքային նախապատրաստության պլանների հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած միջոցառումների ցանկի, ժամկետների և ներգրավվող թվաքանակի ու մասնագիտությունների համաձայն:
 
Ընդ որում՝ վարժական հավաքների սահմանման մեջ որևէ բան նշված չէ մարտական հերթապահության անցկացման մասին: Նոր բան չեմ ասի, եթե նշեմ, որ վերջին 2՝ եռամսյա և երկամսյա հավաքների իրական ու հիմնական նպատակը քաղաքացիներին մարտական հերթապահության ներգրավելն է:
Ինչ վերաբերվում է վարժական հավաքները ՀՀ բոլոր զինապարտ քաղաքացիների համար պարտադիր դարձնելուն, ապա հասկանալու համար, թե սա ինչ է ներկայացնում, ապա միայն նշեմ, որ պահետազորում մի քանի հարյուր հազար մարդ է ներգրավված, իսկ թե ինչ է նշանակում ՄԻ ՔԱՆԻ ՀԱՐՅՈՒՐ ՀԱԶԱՐ մարդու ամբողջությամբ վարժական հավաքների ներգրավելը, կարծում եմ, որ արդեն պարզ է՝ հաշվի առնելով կազմակերպչական, տեխնիկական, գաղափարական, մասնագիտական և մեծ թվով այլ գործոնների լիակատար բացակայությունը:
 
Ցանկացած երկիր ունի մոբիլիզացիոն ռեսուրսի անհրաժեշտ թիվ, որը տարբեր փուլերում կարող է փոփոխության ենթարկվել և նախատեսված է երկրին սպառնացող վտանգների դեպքում արդյունավետ հավաքների անցկացման և զորքերի համալրման համար: 
Այսինքն՝ դա այն օպտիմալ թիվն է, որ նախատեսված է հնարավոր սպառնալիքների դեպքում, տարբեր ուղղություններով նախատեսված զորամասերը համալրելու (կցագրված անձնակազմ) և մարտական խնդիրը լուծելու լիարժեք հնարավորություններ ստեղծելու համար:
Ցանկացած նորմալ պետության դեպքում, առաջնային շեշտը պետք է դրվի այդ ռեսուրսի վրա, որի ռազմական ունակությունների կատարելագործումը, վերապատրաստումը և ժամկետների և օպտիմալության առումով հնարավոր է կազմակերպել: 
 
Այս հավաքների մեկ այլ խնդիր է, երբ քաղաքացուն ներգրավում են վարժական
հավաքների, սակայն համապատասխան հանձնաժողովները պատշաճ կարգով բուժհետազոտություն չեն անցկացնում (օգոստոսին հավաքի ներգրավված քաղաքացի մահացավ, իսկ հետագայում պարզվեց, որ նա բուժհետազոտում չի անցել): 
 
Ես ինքս ստացել եմ ահազանգեր այն մասին, որ քաղաքացիներին առանց հետազոտության փորձում են ներգրավել վարժական հավաքներին, դեռ չեմ խոսում այն մասին, որ քաղացիներին ծանուցումներ են տալիս և պահանջում, օրինակ՝ 1 ժամից ներկայանալ զինոմիսարիատ ու մեկնել զորամաս, ինչը ևս սահմանված կարգի խախտում է:
 
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքը սահմանում է, որ քաղաքացին վարժական հավաքի կանչվում է իր հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատի կողմից տրված փաստաթղթային կամ էլեկտրոնային ծանուցման համաձայն: Ծանուցման հիման վրա զինվորական կոմիսարիատ ներկայացած քաղաքացին անցնում է ԲՈՒԺՀԵՏԱԶՈՏՈՒՄ, որի արդյունքներով վարժական հավաքի կանչվելու ենթակա ճանաչվելու դեպքում ուղարկվում է վարժական հավաքի անցկացման վայր: 
 
Զինված ուժերը համալրելու և արտաքին սպառնալիքները չեզոքացնելուն ուղղված անհրաժեշտ մեխանիզմները գործի չեն դրվել, ինչի հետևանքով զորամասերի համալրումները տեղի են ունենում խնդիրներով, համալրման գործընթացում առկա են խափանումներ: Այս հիմքով և այս սկզբունքների հիման վրա որևէ լուրջ խնդիր անհնար է լուծել, հետևանքը՝ ՀՀ-ից խլվող տարածքներն են ու մեծաթիվ զոհերը» :

← Վերադառնալ ցուցակին