Լուրեր
Ինչպես են ազգի շահերը` այնպես էլ պարզ խոսքը. Արտակ Զաքարյան
17.10.2022
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ինչպես աղավաղում են ազգի շահերը` այնպես էլ պարզ խոսքը
Անբարոյականների մի ստվար կաստա, նախորդ շաբաթ, ուղղորդված ձևով տեղեկատվական տեռոր են իրականացրել` աղավաղելով իմ ասելիքն ու դրա նպատակը:
Ստահակները, իշխանությանն ուղղված իմ հիմնավորված քննադատության սլաքները` հասկանալով կամ առանց հասկանալու, միտումնավոր ուղղել են Հայաստանի դեմ:
Անկեղծ ասեմ, նման կազմակերպված վայնասունի պատճառը չէի կարողանում հասկանալ: Հայտնի է, որ սրանց իշխանական հրահանգիչները դավադիր ու հակապետական են, բայց դժվար թե այնքան անուղեղ լինեին, որ չհասկանային ու այդպես սխալ մեկնաբանեին ասվածը:
Վերջին օրերին, մի շարք մասնագետների հետ այս թեմայով քննարկումներ ենք անցկացրել: Ոչ մեկի մոտ չկա կարծիք, որ առիթ էր տրված նման վայնասուն բարձրացնելու համար: Կա համոզմունք, որ իրենց հարմար ձևով կառչել են կոնտեքստից կտրված մեկ նախադասությունից (առանց մտքի շարունակության վրա ուշադրություն դարձնելու), և առավելագույնս մանիպուլյացրել են այնպես, ինչպես կաներ օրինակ թշնամական քարոզչությունը:
Ըստ մասնագետների` սրանց նպատակն այլ էր: Փաստորեն, սրանց ցավացրել է ասուլիսում արված իմ հայտարարություններն Արցախի և Հայաստանի հեռանկարների վերաբերյալ, և նպատակը հիմնական թեմաներից ուշադրությունը շեղելն է եղել: Իսկ այնտեղ ես մանրամասն խոսել եմ, թե ի՞նչ են նշանակում ս.թ. սեպտեմբերի 27-ին Վաշինգտոնում և հոկտեմբերի 6-ին Պրահայում անցկացված «բանակցությունները» և ինչպե՞ս են պատրաստվում լուծել Արցախի, հայկական միջանցքի, Հայաստանը թուրքական ճամբար մտցնելու և մի շարք այլ հարցեր` հօգուտ թուրքերի և ի վնաս հայ ժողովրդի:
Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել: Ամեն արարք ունի իր պատասխանատվության ժամը»: