Լուրեր
Այս ոչ բարով իշխանությունները Բրյուսովի դեմ արշավը սկսել էին դեռ չարաբաստիկ 2018թ.-ի ապրիլից․ Հասմիկ Ափյան
12.10.2022
ՀՀԿ խորհրդի անդամ Հասմիկ Ափյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Այս ոչ բարով իշխանությունները Բրյուսովի դեմ արշավը սկսել էին դեռ չարաբաստիկ 2018թ.-ի ապրիլից։
Այն ժամանակ իրավիճակի լրջությունը պատկերացնող, Բրյուսովի ներկայով ու ապագայով մտահոգ ուսանողները եւ որոշ նվիրյալ դասախոսներ պայքար սկսեցին՝ անելով անհնարինը կանխելու Բրյուսովի սպասվելիք կործանումը։
Նրանք լավ էին գիտակցում, թե ինչ մութ ամպեր են պատել մեր համալսարանի երկինքը։ Ցավոք, Բրյուսովի «ոչ բրյուսովական» ղեկավարությունը եւ նրանց հորդորով ուսանողների դեմ դուրս եկած որոշ դասախոսներ, մանկավարժներին ոչ հարիր պահվածքով ու վերաբերմունքով սկսեցին ահաբեկել այդ ուսանողներին, նրանց հարազատներին՝ փորձելով ճնշել, լռեցնել արդարության ձայնը։ Հետաքրքիր է, «Քայլ արա’, մերժի’ր Սերժին» երգով համալսարանի զանգը փոխող Բրյուսովի «ոչ բրյուսովական» ղեկավարությունը, որ այն ժամանակ առաջնորդվեց «Король умер. Да здравствует новый король!" կարգախոսով եւ ինձ էլ առաջարկում էր իրենց նման եւս տեղավորվել նոր իշխանությունների մոտ, արդյոք հիմա գոնե գիտակցու՞մ է, թե ինչ օրի հասցրին մեր համալսարանը իրենց պահվածքով ու այս վերջին տարիների իրենց ծավալած « հետեւ մտնելու» քաղաքականությամբ՝ անտեսելով մեր բուհի բարի համբավը, ավանդույթները, այնտեղ 90 երկար ու ձիգ տարիներ դասավանդած հեղինակավոր դասախոսների կատարած աշխատանքը։
Բա դուք ամո՞թ ունեք, գոնե հիմա’փորձեք մի օգուտ տալ։
Ես կոչ եմ անում բոլոր բրյուսովականներին միավորվել, համախմբվել եւ անել ամեն ինչ ՝ փրկելու մեր բուհը։
Այս պայքարին պետք է միանան նաեւ մյուս բուհերի աշխատակիցները, դասախոսները՝ գիտակցելով, որ այս վտանգը Դամոկլյան սրի նման կախված է նաեւ նրանց գլխին։
Այս պայքարի ամենաակտիվ ներգրավվածությունը պետք է ունենան ուսանողները, եւ ես հուսով եմ, որ ինքնաբուխ կձեւավորվեն ուսանողական ինքնակառավարման իրական մարմիններ՝ իրական ուսանողական խորհուրդներ, որոնք կարող են բուհերը փրկելու գործում ունենալ լուրջ դերակատարում։
Բոլոր ժամանակների սիրելի’ բրյուսովականներ գոնե հիմա ոտքի’ կանգնեք ու եկե’ք արդար պայքար տանենք հանուն մեր բուհի հարատեւության։
Հ. Գ. Այս պայքարը չպետք է օգտագործվի Բրյուսովի ոչ բրյուսովական ղեկավարության կողմից՝ որպես նորովի տեղավորվելու, ստամոքսը լցնելու հերթական միջոց։
Ողջունելով պայքարող ուսանողներին՝ կոչ եմ անում զգոն լինել եւ նման երեւույթների ձեռքին գործիք չդառնալ՝ դատապարտվելով հիասթափության։
Ոտքի’ ՝ փրկելու մեր բոլորի ալմա մատերը՝ Բրյուսովի համալսարանը»։