Լուրեր

Այսօր Հայաստանում Փաշինյանին ընտրողների մտքով արդյո՞ք անցնում է սեփական իրական մեղքը փնտրել․ Արմեն Նավասարդյան

12.10.2022

 ՀՀԿ անդամ Արմեն Նավասարդյանը  ֆեյսբուքյան  իր էջում գրել է․

 
«Մի տաղանդավոր հրեա տղա նկարչի մասին հետաքրքիր պատմություն կա։ 
Նրան խորհուրդ են տալիս գնալ Վիեննա` արվեստի դպրոց։ Քանի որ ճանապարհորդության համար գումար չի ունենում Չեխոսլովակիայից ոտքով է գնում Վիեննա։ 
Ինչպես պարզվում է, հասել էր միայն, որ մերժեն քննությանը մասնակցել։ Չէ՞ որ տղան ի վերջո հրեա է լինում։ 
 
Նա աղաչում է, ասում է որ հեռվից է եկել, ամբողջ ճանապարհն ոտքով է անցել, կարելի՞ է այնուամենայնիվ հանձնել քննությունը, որ գոնե այս չնչին բանում իրեն չմերժեն։ 
 
Նրան թույլ են տալիս քննություն հանձնել, և նա հանձնում է։ Այնքան տաղանդավոր է լինում, որ չնայած ծագմանը, տեղ են հատկացնում դպրոցում։ 
Քննությանը նրա կողքին նստած է լինում Ադոլֆ Հիտլեր անունով մի տղա, որին դպրոց չեն վերցնում։ Ընդունում են հրեա տղային։ 
Եվ իր ողջ կյանքում Եվրոպայից Լոս Անջելես մեկնած այդ մարդն իրեն մեղավոր է զգում։ Եթե ​​այն ժամանակ Հիտլերը չտապալվեր քննությանը, եթե չպարտվեր հրեային, կարող է մտքով չանցներ հետագայում տանուլ տվածը հետ բերել բոլոր հրեաներից, վրեժ լուծել նրանցից։ Հոլոքոստը կարող էր չլինել։
Նկարիչն իր չեղած մեղքն էր փնտրում...Այսօր Հայաստանում Փաշինյանին ընտրողների մտքով արդյո՞ք անցնում է սեփական իրական մեղքը փնտրել, արդյո՞ք մտածում են, որ եթե նրան չընտրեին, գուցե հայ ազգն այսքան չտառապեր ու Փաշինյանն այսքան աղետ չբերեր երկրի գլխին...
 
Ավելի լավ ու հեշտ չէ՞ մեկ անգամ ընդունել սեփական իրական մեղքը, պարզ ճշմարտությունը, քան հազար անգամ անհեթեթ պատճառներ ու սոփեստություններ հորինելով փորձել սեփական սխալ քայլն արդարացնել...
Արդյո՞ք ավելի հանգիստ չեն զգա, եթե մեկ անգամ իրենց սխալն ընդունելով` լծվեն չարի դեմ պայքարին ու ձգտեն երկիրը նոր աղետներից փրկելու գործին օգտակար լինել...
 
Բոլորն էլ կարող են սխալվել, բայց սխալվելուց հետո պետք է խիզախություն գտնել ու սեփական մեղքն ընդունելով զղջալ, զղջալ, որ կատարած մեկ սխալ քայլին չհաջորդի մյուսը...»։

← Վերադառնալ ցուցակին