Լուրեր

Մարդիկ զինվորին սիրում են միայն զինվորի հագուստ կրելի՞ս, թե՞ զինվորին առհասարակ.

03.10.2022

 ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Նավասարդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.


«Սահմանին կանգնած ժամկետային զինծառայողների հասցեին սենտիմենտալ տողեր ձոնող, բայց ծառայությունից առաջ և հետո օրինակ տարատեսակ թմրանյութերի ազդեցության տակ հոգեպես ու ֆիզիկապես դեգրադացող նույն զինվորների վրա թքած ունեցողների պակաս չկա մեր հասարակությունում...



Հազվադեպ կարելի է տեսնել, որ գոնե հասարակական գործիչները, մտավորականները բարձրաձայնեն հաճախ իրենց ձևակերպմամբ այդ ոսկե սերնդի ծառայությունից առաջ կամ հետո տարատեսակ թմրեցնող միջոցներից կախվածության մասին...


Իրականում նույն կամ մեկ այլ  թշնամի նույն զիվորին արդեն  խրամատից տասնյակ ու հարյուրավոր կիլոմետրեր հեռու է փորձում սպանել...Անտարբերության թմրեցնող ու առողջությունը քայքայող թույնով...

Իսկ զինվորին սրբացնող հասարակության մի մեծ հատվածի երակներում թշնամին չէ, որ նույն զինվորի արդեն մտավոր ու ֆիզիկական առողջության հանդեպ անտարբերության թույն է ներարկել...


Շատ պարզ ու կարևոր հարց է առաջանում` մարդիկ զինվորին սիրում են միայն զինվորի հագուստ կրելի՞ս, թե՞ զինվորին առհասարակ...

Երբ նույն զինվորը ժամկետային ծառայությունից հետո թմրած վիճակում օրինակ ավտովթարի զոհ է դառնում  չի արժանանում հասարակության նույն հուզառատ տողերին...Երևի որովհետև այդտեղ արդեն իրենց կյանքը չի պաշտպանել...


Անգիտակից ու էժանագին մորթապաշտություն...

Հետո էլ զարմանում ենք, թե ինչու է պատերազմի օրերին առավել անտարբերների համար մի բաժակ կարմիր գինին ավելի թանկ, քան զինվորի նույնչափ արյունը...»:

← Վերադառնալ ցուցակին