Լուրեր
Ինչի՞ է ականատես եղել հայ ժողովուրդը 2020 թվականից ի վեր․ Շուշան Զաքարյան
30.09.2022
ՀՀԿ խորհրդի անդամ Շուշան Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
« «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՕՐԱԿԱՐԳ» կամ «Հոգևարքի մեջ գտնվողի ապագայի պլանները». իմաստային ոչ մի տարբերություն չկա այս երկու արտահայտությունների մեջ, որովհետև երկուսն էլ անիրատեսական են։
Ի՞նչ է խաղաղությունը։ Եթե փորձենք փնտրել բացատրությունը, ապա առաջին նախադասությունը, որ կտեսնենք հետևյալն է. «տարբեր սոցիալական կարգավիճակ ունեցող երկրների միջև գոյություն ունեցող հակասություններն ԱՆԶԵՆ լուծվող իրավիճակ»։ Ինչի՞ է ականատես եղել հայ ժողովուրդը 2020 թվականից ի վեր. ծանր հրետանու, անօդաչու թռչող սարքերի, խոշոր տրամաչափի զինատեսակների, ֆոսֆորային զենքի կիրառում ինչպես մարտական դիրքերի, այնպես էլ բնակավայրերի դեմ։ Այսինքն՝ կա երկու տարբերակ. կամ վերոնշյալները զենք չեն, կամ էլ ժողովուրդը 2 տարի է մանիպուլացվում ու խաբվում է։ Բայց քանի որ նույնիսկ 4-5 տարեկան երեխային է պարզ, որ անօդաչու թռչող սարքերը, ծանր հրետանին ու մնացյալը զենքեր են, ստացվում է, որ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՕՐԱԿԱՐԳ» ծեծված բառակապակցությունը պարզապես օգտագործվում է ժողովրդին մոլորեցնելու, մանիպուլացնելու ու թմբիրի մեջ պահելու համար։
Ամեն կրակոցից հետո սոցցանցերում լույսի արագությամբ սկսում են տարածվել «սկսվեց…», «պատերազմ է…», «Աստված իմ, էլի զոհ…» ու նմանբովանդակ բազմաթիվ հրապարակումներ։ Ինչի՞ ինչ-որ բան ավարտվել էր։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի ցավոտ համաձայնագրից հետո վարչապետի աթոռը զբաղեցնողն ասաց, որ ստորագրել է, որպեսզի մի քանի տասնյակ հազար զինվորի փրկի։ Այդ չարաբաստիկ օրվանից անցել է մոտ 2 տարի։ Բայց մենք շարունակում ենք կորցնել և՜ զինվորներ, և՜ տարածքներ։
Այս օրերին նաև կարելի է կարդալ՝ «Կներեք տղերք» արտահայտությունը սոցիալական ամենատարբեր հարթակներում։ Լավ ի՞նչը ներեն, այն՝ որ 2018 թվականին, որքան էլ կոպիտ է ու ցավալի, հանուն ստամոքսի կատարվեց հեղափոխություն ու վերջակետ դրեց 18-20 տարեկան կյանքերին, երեխայի՝ ծնողին գրկելու ցանկությանը։ Ներե՞ն, որ ուղարկվեցին արդեն գրավված տարածքներ «ազատագրելու» ու հետ չեկան, ողջ ու առողջ մարմնից մասունքներ մնաց անօդաչուի հարվածից։ Ներե՞ն, որ գիտակցված գնացին դեպի մահը, որ փրկեն զինակիցներին, բայց, ցավոք, ոչ մեկն էլ չփրկվեց։ Ներե՞ն, որ ընկան շրջափակման մեջ, օգնություն չհասավ, անմահացան։ Ի՞նչը ներեն։ Հա, երևի այն, որ իրենց զոհվելուց ու Արցախի 75%-ի հանձնվելուց հետո մեկ տարի էլ չանցած ժողովրդի մոտ 50%-ը գնաց ու իր քվեն տվեց իշխանական՝ իրենց մահվան դուռը տարած ֆրակցիային։
«Ձեր կողքին ենք», «պինդ եղեք տղերք», «չպակասեք» ու էս տեսակ սենտիմենտալ խոսքեր աշխատավայրից, տանից, այգուց, սրճարանից գրելով կամ ասելով ոչինչ, ոչ մեկը չի փոխում։ Տղերքի պինդ լինելու, չպակասելու և , վերջապես, տղերքի կողքին լինելու համար անհրաժեշտ է գործել՝ այն է համախմբվել ու պահանջել վարչապետի աթոռը զբաղեցնողի հեռացում։
Վարչապետի աթոռը զբաղեցնողը շատ անգամներ է ասել, որ ինքը ժողովրդի քվեն է ստացել և դրանով է առաջնորդվում ու գործում։ Մի փոքր մտածելու ու վերլուծելու դեպքում հանգիստ կարելի է հասկանալ, թե վեկտորն ուր է ուղղվում և ինչու։
Հ.Գ. Հայրենիքը կամ սիրում են կամ ոչ։ Հայրենիքի համար կամ պայքարում են կամ ոչ։ Ազատություն, ինքնիշխանություն ու հայրենիք կամ ուզում են կամ ոչ։ Ու կա երկու տարբերակ ցանկության դեպքում չհուսահատվել ու պայքարել հանուն ցանկության ու նպատակի։ Ցանկության բացակայության դեպքում սպասել ստրկացվելու կամ էլ ոչնչացվելու։ Երրորդ տարբերակ պարզապես չկա»։