Լուրեր

Վրեժ լինելու է . Աշոտյան

27.09.2022

 ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան  իր էջում գրել է.

«Պատերազմից երկու տարի անց իմ զգացողությունների մեջ ոչինչ չի փոխվել, բացի նրանից, որ հայրենի հողի համար նահատակված եւ արդարությանը սպասող տղերքը շատացել են…

 
…Բարև, տղերք։
Անարդար է, որ ես ձեզ տեսնում եմ, իսկ դուք ինձ՝ չէ։ Անարդար է, որ հավաքվել ենք սեղանի շուրջ, ու սեղանին դուք եք…
Եթե ավելի շուտ պսակվեի՝ ձեր տարիքի տղերք կունենայի։ Ուստի, դուք էլ իմն եք, իմ տղերքն եք… Աղվամազային գազոնից մինչև ձյաձյաների թրաշ ունեցող իմ տղերքը։
 
Ո՞վ է փակել ձեր աչքերը, ապերներ։
Ի՞նչ տարաք ձեր սրընթաց կյանքից՝ որպես վերջին հուշ։
Էն ո՞վ է էն շուստրին, որ կիսափակ աչքերի տակից փորձում է հասկանալ, թե ի՞նչ է կատարվում իր շուրջը մահից հետո…
Այ դու չախկալ ջան…
Մի նայիր, ցավդ տանեմ։
Գործ չունես։ Հանգիստ քնիր։ Հերիք չի՝ մեռել ես, մի հատ էլ խելագարվես դրանից հետո…
 
Տղերք ջան։
Չեմ էլ կարողանում ասել, որ ձեր չապրած տարիները թող ձեր երեխեքին լինեն… Ախր դուք եք երեխեք, ձեզ երեխա որտեղի՞ց։
Մեկիդ սիրտը չկա, մեկիդ՝ գլուխը, մեկիդ՝ փորը, թոքն ու լյարդը, մյուսի՝ ոտնուձեռքը… Թե ինձ կտոր-կտոր անեի, սաղիդ մի բան ինձնից պոկեի դնեի, մի 20 հոգի կփրկեի…
Տղերք ջան, գոնե հասցրեցի՞ք սիրահարվել, մեկին պաչել, գրկել ու պաշտպանել՝ այնպես, ինչպես Հայրենիքը գրկեցիք որպես ձեր վերջին հաճույք…
Բա չիմացաք, ախպերներ։
Ձեր կարկամած, անդամահատված, ջլատված մարմինների վրա բորենիներ են գալիս, արյան հոտը հեռվից զգացող շակալներ, որ դի են փնտրում սեփական փորը լցնելու, կշտանալու ու ձեր անկյանք աճյունների վրա ինքնահաստատվելու համար…
Էս հիմարներն էլ չգիտեն, որ ձեր մահից հետո անգամ ձեր մեջ ավելի շատ կյանք կա, քան դրանց փտած ու փչացած պորտերում։
Ներող, տղերք։
Մարդ նահատակվելուց էլ պիտի բախտ ունենա, որ իրեն գտնեն, ճանաչեն ու թաղեն։ Տղավարի։ Մարդավարի։ Հայավարի։
 
Հ.Գ. Չախկալ ջան, արի փակեմ աչքերդ։
Հանգչիր խաղաղությամբ։ Հաղթելու ենք…
Վրեժ լինելու է»։

← Վերադառնալ ցուցակին