Լուրեր

Իրանում տեղի ունեցող ցույցերը ակնհայտ դրական արձագանք են ստանում ադրբեջանական մամուլում. Հայկ Դերզյան

24.09.2022

ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Իրանում տեղի ունեցող ցույցերը ակնհայտ դրական արձագանք են ստանում ադրբեջանական մամուլում: Նման գործընթացները ողջունում են անգամ Ադրբեջանում որպես ընդդիմադիր գործիչներ դիրքավորված անձինք, որոնց մեջ կան նրանք, ում ժամանակին տեղի ռեժիմը կալանավորել էր:

 
Ադրբեջանի քաղհասարակություն կոչվածը ակտիվ հանրային մակարդակում աջակցում է նաև ուկրաինացիներին: Այստեղ կա թերևս որոշակի կոնսենսուս իշխանամետ և ընդդիմադիր գործիչների մեջ: Առավել մեծ աջակցություն բնականաբար դժվար է պատկերացնել, քանի որ անգամ տեղի ընդդիմադիրները իրենց հարցազրույցներում խոսում են այն մասին, որ իրենց հասարակության որոշ մասը հարցին նայում է կենցաղային մակարդակով, քանի որ վախենում է ՌԴ-ի թուլացումից՝ ելնելով իրենց երկիր եկող տրանսֆերտներով:
 
Օրեր առաջ որոշ ադրբեջանական տելեգրամյան ալիքներում տարածվել էր տեղեկություն իբրև հայկական կողմը ամսվա վերջ պատրաստվում է հարձակման: Բնական է, որ թշնամին իր ցանկացած ոտնձգությունից առաջ փորձում է մեղքը քցել մեր վրա:  Այստեղ նաև առկա է մեկ այլ գործոն: Մի շարք ընդդիմադիրներ մեղադրում են տեղի իշխանություններին այս ամսվա գործողությունների մեջ: Տեղի արևմտամետ գործիչները նշում են, որ նոյեմբերի 9-ից հետո իրենք պետք է գնային խաղաղության, այնինչ այժմ, իրենց պնդմամբ ՌԴ-ի օգնությամբ գնում են նոր ապակայունացման:
 
Այս վերջին գործողությունները ծանր դրության մեջ են դրել Ալիևին: Մի կողմից առկա է հստակ քննադատություն արտաքին դաշտում, մյուս կողմից արդեն լուրջ խմորումներ են իրենց ներքին դաշտում: Եթե երկու ամիս առաջ տեղի ընդդիմադիրները խոսում էին այն մասին, որ Ալիևին կարող են մեղադրել կոռուպցիայի, մենաշնորհների, երկիր ադրբեջանցի քաղաքացիներին ներս չթողնելու, սպանություններ թե Ադրբեջանում և թե դրանից դուրս կատարելու և այլ մեղքերի մեջ, բացի արտաքին քաղաքականությունից, որում տեղի գործող իշխանությունները իրենց պնդմամբ լվացել են հասարակության գլուխը, ապա այս իրավիճակում բացատրություն գտնելը շատ դժվար է: Հատկանշական է, որ որոշ գործիչներ անգամ համարձակություն ունեցան պնդելու, որ Ադրբեջանը ներխուժել է ԻՐԵՆ ՉՊԱՏԿԱՆՈՂ տարածք:  
 
Այս ամենը թերևս տեղի իշխանությունները ադրբեջանական տարբեր տեղեկատվական կրիչներով փորձում են  մեղմել հակահայկական քարոզչությամբ, որի մեջ գերակշռում են ատելությունը, առավելապաշտությունը և հայատյացությունը»:

← Վերադառնալ ցուցակին