Լուրեր

«Զոհրաբ Մնացականյանը, որը փորձում է իր վրայից մաքրել 44-օրյա պատերազմի մեղավորությունը, այս պատերազմի ոչ թե կարեւոր վկաներից, այլ հանցագործներից մեկն է». Աշոտյան

24.09.2022

 Այսօր «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» ՀԿ-ն կազմակերպել էր քննարկում՝ «Չդադարող պատերազմ. ինչպես եւ ով բերեց» թեմայով: ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն ասաց, որ 2018-ին Նիկոլ Փաշինյանի կողմից իշխանազավթումը Արցախի շուրջ էր ու Արցախը կորցնելու մասին էր. «Որքան էլ փաթեթավորվում էր ականջահաճո դեմոկրատական կարգախոսներով, որքան էլ այդ ամենը խինդ ու ծիծաղ էր դրսի համար, իսկ ներսում իրականում դագաղ ու ծաղկեպսակ էր քաղաքական հակառակորդների օջախների մոտ: 2018-ը Հայաստանում կատարվեց, որովհետեւ այն դրսի ուժերը, որոնց Սերժ Սարգսյանն ակնարկեց, որ հենց իրենց է պարտվել, ոչ թե Նիկոլին, շահագրգիռ էին, որպեսզի Հայաստանում տեղի ունենա այնպիսի փոփոխություն, որի ընթացքում Արցախն այլեւս չի մնալու հայ ժողովրդի համար՝ որպես երկրորդ պետականության տարածք: Զոհրաբ Մնացականյանը՝ նախկին արտգործնախարարը, որը համառությամբ փորձում է իր վրայից մաքրել 44-օրյա պատերազմի մեղավորությունը, այս պատերազմի ոչ թե կարեւոր վկաներից, այլ հանցագործներից մեկն է: Մարդ, ով 2018-ի մայիսից մինչեւ 2020-ի սեպտեմբեր պարտակում, խաբում ու լղոզում էր Նիկոլ Փաշինյանի վարած արտաքին քաղաքականության, մասնավորապես՝ Արցախի շուրջ եղած զարգացումները: Ոչ միայն պարտակում էր, այլ նաեւ լղոզում էր: Ինչում էր հիմնական պրոբլեմը՝ այդ կիսագրագետ դուրսպրծուկներին թվում էր, որ եթե իրենց հռչակեն ժողովրդավարության բաստիոն ու փարոս, ապա աշխարհը չի հանդուրժի ժողովրդավարության վրա որեւէ ոտնձգություն ավտորիտար Ադրբեջանի կողմից: Քաղաքականություն չիմացող տհասը, համաշխարհային պատմություն չիմացողը կարող էր մտածել, որ ժողովրդավարությունը արտաքին քաղաքականության մեջ անվտանգային անկյունաքարային գործոն կարող է լինել»: Աշոտյանն ասաց, որ 2018-ին հռչակելով ժողովրդավարությունը որպես արտաքին քաղաքականության այցեքարտ՝ իրականում խոստովանություն արեցին դավաճանության մասին. «Այսպիսի վահան չէր կարող փրկել ՀՀ-ին ու Արցախին արտաքին քաղաքական եւ ռազմական սպառնալիքներից»: Այն տեսակետներին, որ եթե չլիներ 2018-ը, չէր լինի պատերազմ, Աշոտյանը պատասխանեց, որ հայ ժողովուրդը իր բնօրրանում ռազմական ոտնձգությունների է ենթարկվել 4500 տարի ու խոսել այն մասին, որ կլինի որեւէ ժամանակահատված, որ Հայաստանը չի լինի արտաքին ուժերի թիրախում, նշանակում է խաբել սեփական ժողովրդին կամ չիմանալ գեոպոլիտիկա: Բայց նա պնդեց, որ 44-օրյա պատերազմը այսպիսին չէր լինի, եթե չլիներ Նիկոլ Փաշինյանը. «Նրա առաջին իսկ քայլերը, որ վարչապետ դառնալուց հետո ձեռնարկեց Արցախի ուղղությամբ՝ սեփական կետից սկսելը, կամ Արցախը պետք է վերադառնա բանակցությունների սեղան պոպուլիստական թեզի շրջանառումը, կամ որ լուծումը պետք է լինի ընդունելի ՀՀ-ի, Արցախի եւ Ադրբեջանի ժողովուրդների համար՝ կատարյալ հիմարություն եւ միտումնավոր հղած մեսիջներ էին՝ ներքին եւ արտաքին լսարանների համար: Հայաստանը 2018-ի մայիսից հետո Նիկոլ Փաշինյանի պատճառով հետզհետե մենակ էր մնում բանակցություններում եւ աշխարհում, որովհետեւ եթե դու 25 տարի բանակցություն ես վարում աշխարհի հզորների ձեւաչափով, ինչպիսին էին ՌԴ-ն, ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան, որոնք ԵՄ-ն էին ներկայացնում, ապա գալ եւ ասել, որ 25 տարվա ձեր աշխատանքը ես գցում եմ ջուրը, թքած ունեմ ձեր աշխատանքների վրա, որ դուք հլը պիտի գաք ինձ բացատրեք՝ այդ մադրիդյան սկզբունքները ինչ են, ոնց են, ես հետո ձեզ կասեմ՝ ինձ համար այդ սկզբունքները ընդունելի են, թե ոչ՝ այսպիսի ինքնահավան «պիտուխություն» իրեն կարող էր թույլ տար կամ կատարյալ անբարոյական, կամ տգետ մարդը»:


Աշոտյանը հիշեցրեց, որ Փաշինյանը հերքում էր, որ փաստաթուղթ կա, որի շուրջ բանակցություններ են ընթանում, այնքան ժամանակ, մինչեւ Լավրովը «դավադիտ» եղած վեր կացավ եւ ասեց, որ ձեզ 2019-ին թուղթ եմ տվել. «Սա պետք էր հասցնել Մինսկի խմբի համանախագահներին, որ բաց տեքստով կարողանային ՀՀ-ի կողմից վարվող քաղաքականությունը հանրայնորեն «չախեին», մի բան, որ չէր եղել մինչ օրս»: Ըստ Աշոտյանի, Նիկոլ Փաշինյանն իր քաղաքականությամբ Հարավային Կովկասում քիչ տեղ թողեց ՌԴ-ի համար ու հրավիրեց Թուրքիային տարածաշրջան. «Արցախը հանձնվեց ժողովրդավարության բրենդի ներքո, Հայաստանը հանձնվում է խաղաղության կեղծ թեզի ներքո»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

aravot.am


← Վերադառնալ ցուցակին