Լուրեր
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը և ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ընդունել են ճանաչողական այցով Հայաստան ժամանած գերմանացի մասնագետների խմբին
21.09.2022

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը և ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ԱԺ Պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի անդամ Տիգրան Աբրահամյանն այսօր ընդունել են ճանաչողական այցով Հայաստան ժամանած գերմանացի մասնագետների խմբին:
Այցը կազմակերպել էր գերմանական հանրահայտ Tageszeitung taz խմբագրությունը։
Հայաստան ժամանած գերմանացի լրագրողներին, իրավաբաններին, բժիշկներին և մանկավարժներին Հայաստանը հետաքրքրում էր ոչ միայն պատմամշակութային տեսանկյունից, այլև քաղաքական-հասարակական, մասնավորապես վերջին օրերին Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիան և Հայաստանի անվտանգային հարցերն ու հեռանկարները։
Բանախոսները ներկայացրել են ադրբեջանական ագրեսիայի հետևանքներն ու ապացույցները, խոսել միջազգային կառույցներից և դերակատարներից ունեցած ակնկալիքների մասին։
Քննարկման ընթացքում ՀՀԿ գործադիր մարմնի ներկայացուցիչները ներկայացրել են միջազգային տարբեր հարթակներում իրականացվող աշխատանքները և՛ կուսակցական, և՛ խորհրդարանական դիվանագիտության շրջանակներում։
Քննարկման վերջում բանախոսները պատասխանել են ներկաների հարցերին։


