Լուրեր
Չորս տարվա ընթացքում հաստատուն քայլերով դեպի սուգ ենք գնում
20.09.2022
Վաղը` Անկախության 31-րդ տարեդարձի առթիվ միջոցառումներ տեղի չեն ունենա: Իշխանությունը որոշել է այս տարի չեղարկել բոլոր տոնական միջոցառումները եւ Անկախության տոնը վերածել սգո արարողության` իշխանավորները մութուլուսին կայցելեն Եռաբլուր, սելֆի կանեն, կհրահանգեն արգելել լրագրողների մուտքը, որդեկորույս ծնողների պարսավանքին կարժանանան, կմեղադրեն նախկիններին ու տուն կգնան: Տպավորություն է, թե այս իշխանություններն իրենց առջև նպատակ են դրել մեր բոլոր տոները սգի վերածել: Մենք զրուցել ենք ՀՀ վաստակավոր արտիստ, նախկին պատգամավոր Շուշան Պետրոսյանի հետ, ով տարիներ շարունակ Անկախության օրվա համերգներին է մասնակցել: Նա ասում է, որ Հայաստանի գործող իշխանությունները ոչ միայն սգո օրվա են ուզում վերածել Անկախության տոնն, այլև` ողջ տարին:
«Նրանք տարվա բոլոր օրերն են ուզում սգո վերածել: Ոչ միայն ցանկություն է սա, այլևս փառահեղ իրագործեցին իրենց առջև դրված ծրագիրը: Չկա մի ամբողջ սերունդ, իսկ կորուստներն ավաղ շարունակական են: Անկախությունը գնահատող մարդն ամեն պարագայում այդ տոնը պետք է նշի: Անգամ տղերքն են այդ տոնը դիրքերում մշտապես նշել», ասում է նա: Իսկ ինչ է մտածում երգչուհին Հայաստանի գործող իշխանությունների կազմակերպած միջոցառումների մասին առհասարակ, ասում էին, որ այս տարի Անկախության 30- ամյակին ելույթ է ունենալու ռաբիզ երգիչ Սպիտակցի Հայկոն:
«Ես սովորություն չունեմ ինձ հետ նույն ոլորտում աշխատող մարդկանց մասին կարծիք հայտնել, սակայն եթե Սպիտակցի Հայկոն է երգում Անկախության օրը, դա էլ այս իշխանությունների նախընտրությունն է, ի՞նչ ասեմ, դա է նրանց գեղագիտական ճաշակը: Ամեն մարդ իր լսարանն ունի, փաստորեն Սպիտակցի Հայկոյի լսարանն այսօրվա իշխանություններն են: Ուրախ եմ Հայկոյի համար, հավանաբար լիքը պատվերներ է ունենում: Պատերազմի վտանգը Հայաստանի գլխից կախված է արդեն չորս տարի շարունակ, ես հենց չորս տարի առաջ էի ասում ՈՉ սրան, էսօրվա համար էի ասում»,- ասում է երգչուհին: Նա ասում է, որ վերջին չորս տարվա ընթացքում առհասարակ Անկախության տոնը չի նշվել.
«Հո միայն համերգով չէ, Մշակույթի նախարարությունը, Սփյուռքի նախարարությունը, Երևանի քաղաքապետարանը, դրանք բոլորը նշում էին այդ տոնը, հետո նոր վերջում համերգ էր լինում, իսկ վերջին չորս տարվա ընթացքում հաստատուն քայլերով դեպի սուգ ենք գնում», - ասաց Պետրոսյանը:
Մենք նաև հարց ուղղեցինք վերջինիս, թե նման դժվարին պայմաններում ինչպե՞ս է պետք նշել Անկախության տոնը, երգչուհին ասաց. «Մենք ընկերներով նշելու ենք անկախությանը տոնը, նշողը նշելու է: Վտանգված Անկախության մասին խոսելն առհասարակ շատ դժվար է: Պիտի սիրտ ու հոգի անջատես ու փորձես սառը պատասանել Անկախությանը վերաբերող հարցերին», - եզրափակեց մեր զրուցակիցը:
Հայկ Գևորգյան
hraparak.am