Լուրեր
1988թ-ին չսկսվեր Արցախյան շարժումը և ազատամարտը` այսօր Հայաստանի Հանրապետության բնակչության 40%-ից ավելին լինելու էին թուրքերն ու ադրբեջանցիները. Արտակ Զաքարյան
02.09.2022
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Թիկունքից ծանր հարված ստացած, անդամահատված, կաթվածահար եղած Արցախի երիտասարդ Հանրապետության անկախության 31-ամյա պայքարը վտանգված է: Սակայն նույնիսկ այդ վիճակում` Արցախի Հանրապետությունը կյանք է տալիս և երկարակեցություն է հաղորդում Հայաստանի Հանրապետությանը: Մեր ժողովուրդը գիտակցում է, որ չլինի Արցախը` կարճ ժամանակ հետո չի լինելու նաև Հայաստանն ու հայությունը:
Եթե 1988թ-ին չսկսվեր Արցախյան շարժումը և ազատամարտը` այսօր Հայաստանի Հանրապետության բնակչության 40%-ից ավելին լինելու էին թուրքերն ու ադրբեջանցիները` իրենց պատգամավորներով, բիզնեսներով, սեփականությունով, դպրոցներով, ԲՈւՀ-երով, մզկիթներով ու համայնքների ղեկավարներով:
Արցախը Հայ ժողովրդին տվել է Ազգային Բանակ և անվտանգություն ունենալու իրավունք: Արցախը հայ ժողովրդին տվել էր համաշխարհային քաղաքականության մեջ ակտիվ ներգրավվելու հնարավորություն: Արցախի Հանրապետությունը Հայ ժողովրդին դարձրել էր լրջագույն գործոն Հարավային Կովկասում: Արցախը հայությանը տվել էր համաշխարհային հարգանք: Արցախն այն գլխավոր պատճառն է, որի շուրջ աշխարհասփյուռ հայությունը միավորված էր և ուժեղ: Արցախը միշտ եղել և լինելու է մեր անբաժանելի Հայրենիքի մասը:
2018թ-ից սկսված դավաճանությունը, թշնամությունը, տգիտությունը, պոպուլիզմն ու պառակտումները ծանր հարվածներ հասցրեցին Արցախի և Հայաստանի Հանրապետություններին:
Բայց նույնիսկ այսօրվա աներևակայելի դաժան իրավիճակում անդամահատվող Արցախը, վերքերից չապաքինված, ատամները սեղմած շարունակում է ապրելու լուռ պայքարը: Հանձնվել չի լինելու և ի հեճուկս նիկոլների, ալիևների ու նրանց մանկլավիկների` Արցախի Հանրապետությունն ապրելու է: Թրքահպատակ Նիկոլն ու դրանց հայկական ստրուկները հեռացվելու են իշխանությունից և պատասխանատվություն են կրելու Արցախը թշնամուն փոխանցելու դավաճանական քաղաքականության համար:
Արցախում վերածնունդ լինելու է: Շուտով ողջ հայությունը և առաջին հերթին արցախահայությունը կրկին միավորվելու է` Արցախը հայկական պահելու, զարգացնելու, կորցրածը վերականգնելու և արժանապատիվ խաղաղություն հաստատելու համար:
Անկախության տոնը Արցախի Հանրապետությունում կրկին նշվելու է: Արցախի ազատության համար, հայ ժողովուրդը 31 տարի շարունակ տվել է իր ամենաթանկը: Արցախը միշտ պետք է լինի կանգուն` հանուն Հայաստանի Հանրապետության և աշխարհասփյուռ հայ ժողովրդի:
Հավերժ փառք և անմար հիշատակ հերոսացած հայ Զինվորներին, ովքեր իրենց արյամբ ավելի են սրբացրել հայկական Արցախն ու նրա վերածնունդը:
Մեր պայքարն արդար է և հաղթանակը մերն է լինելու»: