Լուրեր
«Սա ո՛չ արտագաղթ է կանխելու, ո՛չ էլ այլ երկրի քաղաքացիություն ստանալն է կանխելու». Տիգրան Աբրահամյան
26.08.2022
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այս գրառումս այն մարդկանց համար է, ովքեր կարծում են, որ 24 մլն դրամ վճարելով և 4.5 ամսվա ծառայությամբ սահմանափակվելով լուծվում է արտագաղթի և քաղաքացիության փոփոխության հետ կապված հարցերը։
Իշխանության նախաձեռնության բացահայտ կամ թաքնված աջակցողների հիմնական փաստարկն այն է, որ հիմա էլ շատերը խուսափում են ծառայությունից ու դրա համար շատերը ընտանիքներով արտագաղթում են կամ ստիպված այլ երկրի քաղաքացիություն են ընդունում։
Ավելին՝ հեռու գնալով, որոշները նույնիսկ պնդում են, որ սա ոլորտում կոռուպցիան վերացնելու ամենահարմար տարբերակն է, որի դեպքում սև գումարները պարզաջրվում և բյուջե են գնում։
Սկսեմ նրանից, որ երկրից գնացողների կամ քաղաքացիություն փոխողների գլխավոր մտավախությունը տարբեր ժամկետներով հավաքներն են և հնարավոր մարտական գործողությունները, որի դեպքում պահեստազորի համապատասխան խմբերում, կարգերում ընդգրկվածները զորակոչվում են ու մեկնում պատերազմ։
Իշխանության նախաձեռնությամբ նախատեսված 4.5 ամիս ժամկետով ծառայությունն առաջին հերթին նրա համար է սահմանված, որպեսզի 24 մլն գումար վճարածները հետագայում հանգրվանեն պահեստազորի այնպիսի խմբերում և կարգերում, որի պարագայում նրանք չեն խուսափի մոբիլիզացիոն հավաքներից, իսկ պատերազմական գործողությունների դեպքում կզորակոչվեն։
Այսինքն՝ այն մարդիկ, ովքեր պատրաստ են 24 մլն դրամ վճարելուն, դա նախատեսված է միայն պարտադիր զինվորական ծառայությունը 19.5 ամսով կրճատելուն, բայց ոչ երբեք հավաքների կամ պատերազմական գործողություններին չմասնակցելուն։
Այնպես որ սա ո՛չ արտագաղթ է կանխելու, ո՛չ էլ այլ երկրի քաղաքացիություն ստանալն է կանխելու։
Արտագաղթը, քաղաքացիության փոփոխությունն այլ համալիր լուծումներ է պահանջում, որն օդի ու ջրի պես պետք է մեր երկրին, սակայն այս իշխանությունը նման խնդիր լուծելու ո՛չ կամք, ո՛չ էլ հնարավորություն ունի։
Ինչ վերաբերվում է նախաձեռնության «հակակոռուպցիոն» բնույթին, ապա դրա դեմ պետք է պայքարել վերահսկողության ուժեղացման և օրենսդրական բացերը լրացնելու ճանապարհով»։