Լուրեր

«24 մլն դրամ վճարելու և ընդամենը 4.5 ամիս բանակում ուսումնական փուլ անցնելու գործընթացն ամբողջությամբ անընդունելի է». Տիգրան Աբրահամյան

25.08.2022

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր  Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Իշխանության նախաձեռնությամբ շրջանառության մեջ դրված նախագիծը, որը ենթադրում է 24 մլն դրամ վճարելու և ընդամենը 4.5 ամիս բանակում ուսումնական փուլ անցնելու գործընթաց, ամբողջությամբ անընդունելի է։

 
 
Սա ոչ միայն երկրում սոցիալական անարդարության նոր ջրբաժանի, այլ ներհասարակական հարաբերությունների ճգնաժամի է հանգեցնելու։
 
Սրանից բացի, սա մտածողության, գաղափարի, հայեցակարգային փակուղի տանող նախաձեռնություն է։
Ոչ պակաս վտանգավոր է նախաձեռնության դրդապատճառները։
 
Իշխանության համոզմամբ, սա հնարավորություն է տալու ավելացնել պայմանագրայինների աշխատավարձները։
Այսինքն՝ մեզ ուզում են համոզել, որ երկրում փող չկա կամ փող չկա երկրի պաշտպանությունն իրականացնող պայմանագրային անձնակազմի աշխատավարձը բարձրացնելու համար։
 
Հայաստանում բյուջեից սնվող մեծ թվով կառույցներում հսկայական պարգևավճարային ֆոնդեր են գործում, իշխանությունը բյուջետային գումարները ըստ առաջնահերթությունների չի գործածում, դեռ չեմ խոսում դրանց խիստ անարդյունավետության մասին, իսկ երկրի համար ծանր ժամանակներում հսկայական բեռ ու ծանրություն կրող պայմանագրային զինծառայողների համար պարզվում է գումար չկա։
 
Մեկ անգամ ևս ցանկանում եմ շեշտել՝ զինված ուժերի մեր զինծառայողները՝ շարքայինից մինչև սպաներ, պետք է ապահոված լինեն սոցիալ-կենցաղային՝ միջինից բարձր պայմաններով, որովհետև այս մարդիկ բավականին ծանր, բարդ պայմաններում ապահովում են մեր անվտանգությունը։
 
Ու սա այն դեպքում, որ իրենց թիկունքում չեն զգում պետության, այս իշխանության ներկայությունը, ավելին՝ սրանց քաղաքականության հետևանքով, անընդհատ նոր սպառնալիքների ու վտանգների են բախվում»։

← Վերադառնալ ցուցակին