Լուրեր
Ինձ ցույց տվեք գոնե մեկ ծրագիր, որը ներկայացրել է Ազգային ժողովը` ազգային մշակույթի զարգացման նպատակով. Աննա Հովներ
22.08.2022
ՀՀԿ խորհրդի անդամ Աննա Հովները ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մաս 2
Շարունակելով մշակութային քաղաքականության թեման` գրեմ ևս մի քանի կետեր, որպես ավելացում նախորդ գրառմանս:
Հայաստանի Հանրապետության Օրենքը պարունակում է առանձին մաս` Մշակութային օրենսդրության հիմունքների վերաբերյալ: Այնտեղ ներկայացված են մեր երկրի մշակութային օրենսդրության հետևյալ խնդիրները.
1) ապահովել և պաշտպանել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների՝ խոսքի, ստեղծագործության ազատության, հասարակության մշակութային կյանքին մասնակցելու սահմանադրական իրավունքը.
2) կարգավորել մշակութային գործունեության սուբյեկտների միջև առաջացող հարաբերությունները.
3) սահմանել պետական մշակութային քաղաքականության սկզբունքներ, մշակույթին պետական աջակցություն ցուցաբերելու իրավական հիմքեր և ստեղծագործական գործընթացին պետության կողմից չմիջամտելու երաշխիքներ.
4) ստեղծել Հայաստանի Հանրապետության մշակութային հարստության պահպանման, տարածման և զարգացման համար իրավական երաշխիքներ:
Հայաստանի Հանրապետությունում պետական մշակութային քաղաքականությունը կազմակերպվում է մշակույթի պահպանման, տարածման և զարգացման պետական (տարեկան, եռամյա, հեռանկարային) ծրագրերով, որոնք, որպես օրենք, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացմամբ հաստատում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը:
Իսկ հիմա ինձ ցույց տվեք գոնե մեկ ծրագիր, որը ներկայացրել է Ազգային ժողովը` ազգային մշակույթի զարգացման նպատակով: Զրո՜:
Սույն օրենքի 7-րդ հոդվածն ընդհանրապես անտեսված է:
Դուք չեք զբաղվում գրադարաններով, արխիվներով, որոնք ողբալի վիճակում են:
Դուք չեք զբաղվում թանգարաններով և չեք հատկացնում գումարներ պատկերասրահներին և տարբեր միություններին` մեծ միջոցառումներ կամ նախագծեր անցկացնելու նպատակով:
Դուք սիրողական գեղարվեստական ստեղծագործողների վրա թքած ունեք:
Դուք չեք զբաղվում մշակութային արժեքների հավաքչարարությամբ:
Մշակութային միջազգային համագործակցություն որպես այդպիսին` գոյություն չունի ձեր օրոք:
Իսկ ո՞րտեղ են ձեր մեթոդական ձեռնարկները:
Մշակույթի ոլորտում աշխատողների մասնագիտական պատրաստումը, վերապատրաստումը և վերաորակավորումը փաստացի գոյություն չունի: Մարդիկ չգիտեն որտեղ անցնեն վերապատրաստում:
Հարց. ինչո՞վ է զբաղվում այսօր ԿԳՄՍ նախարարության Մշակույթի բաժինը:
Ես չեմ հասկանում, ինչպե՞ս կարելի է ունենալ պետություն, բայց չունենալ մշակութային քաղաքականություն: Ինչպե՞ս ենք մենք դեռ գոյատևում, ես անկեղծ ասած, չեմ հասկանում: Բայց եթե այդպես շարունակվի` մենք կունենանք ողբալի արդյունք:
Հուսով եմ, որ նոր իշխանությունները դա կհասկանան և մեծ աջակցություն կցուցաբերեն մշակույթի ոլորտին»: