Լուրեր
Սրանք նոր ու ավելի հրեշավոր բաներ են նախագծել Արցախի ու Հայաստանի համար․ Զաքարյանը՝ ՀՀ իշխանությունների մասին
21.08.2022
Վաղուցիվեր փաստ է, որ ՀՀ իշխանությունների խոսույթից, մտքից, գործունեությունից ու հնարավոր բոլոր ձևառումներից իսպառ վերացված են Արցախ ու ԼՂ հիմնախնդիր եզրերը։ Պաշտոնական Ստեփանակերտն էլ, կարծեք, առանձնակի չի ընդդիմանում այս իրողությանը, ավելի՛ն, հաստատուն է դառնում համոզմունքը, որ Հայաստանի և Արցախի ներկայիս իշխանությունները ինչ-որ առումով քաղաքական, գաղափարական միևնույն օջախի երկու առանձին ճյուղեր են՝ լիազորությունների և դերակատարների տարբերությամբ միայն։
«Իշխանությունը զավթելուց հետո, սրանք արցախյան կարգավորման հարցով սկսեցին ամպագորգոռ ու մեծաբերան հայտարարություններ անել: Առաջ մտածում էինք թե անփորձ են ու չեն հասկանում: Հետո համոզվեցինք՝ հատուկ արել են այնպես, որ այսօր ստեղծվի այս վիճակը: Սրանց դավաճանությունը մեկ գործողությամբ չի սահմանափակվել, այն տարբեր քայլերի հաջորդականություն է, որն արտահայտված է նաև ձեր հարցադրման մեջ» ,- ԼՈՒՐԵՐ․ com-ի դիտարկմանն ի պատասխան նշեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ՀՀԿ ներկայացուցիչ Արտակ Զաքարյանը:
Քաղաքական գործչի պնդմամբ, պաշտոնական Ստեփանակերտը ոչնչով չի տարբերվում պաշտոնական Երևանից, քանի որ, ըստ նրա, երկուսի համար էլ քաղաքական օրակարգերը իրականացվում են Բաքվի և Անկարայի տեսլականների շրջանակներում։ Ինչու՞ - հարցի պատասխանը մեկ բառով. որովհետև դավաճանել են, ենթադրում եմ հանուն փողի, նկատում է Զաքարյանը։
Իսկ թե ինչպե՞ս դուրս գալ համազգային խորացող ճգնաժամից, որքան էլ չարչրկված հնչի՝ ի՞նչ քայլեր պետք է անել, որպեսզի հանրությունն արթնանա այս վտանգավոր թմբիրից, ընդդիմադիր գործիչն ասաց․
«Ամեն ինչի մասին շատ մանրամասն ու երկար խոսվել է, հիմա մենք շարունակ կրկնում ենք այն, ինչ բոլորը գիտեն: Այն, ինչի մասին դեռ չի խոսվել, պարզ կդառնա և հնարավոր կլինի հիմնավոր խոսել միայն իշխանափոխությունից հետո: Այս կապիտուլյացիոն իշխանությունների տակ շատ չարիքներ կան թաքնված: Վստահ եմ, որ նոր ավելի հրեշավոր բաներ են նախագծել սրանք` Արցախի ու Հայաստանի համար»:
Մեզ անհրաժեշտ է համախմբում, վարչապետի միասնական թեկնածու և օր առաջ իշխանության անցնցում փոփոխություն, շեշտեց Արտակ Զաքարյանը:
Արա Ալոյան
lurer.com