Լուրեր

15 օրում 5 ոչ մարտական զոհ․այս վիճակագրությունը ողբերգություն է բանակի ու երկրի համար․ Աբրահամյան

16.08.2022

 ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում  գրել է․

 
«Զինված ուժերում օգոստոս ամսվա առաջին կիսամյակի ոչ մարտական կորուստների վիճակագրությունն եմ նայում, որը ևս տեղով ողբերգություն է բանակի ու երկրի համար։
 
15 օրում 5 ոչ մարտական զոհ։
 
Եվս 2 զոհ Պաշտպանության բանակն ունեցել է օգոստոսի սկզբին Ադրբեջանի նախաձեռնած ագրեսիայի ժամանակ։
 
Շուրջ 2 տասնյակ՝ տարբեր հանգամանքներով պայմանավորված վիրավորումներ ՀՀ-ում և Արցախում, այդ թվում՝ ոչ մարտական պայմաններում։
 
Օգոստոսի 3-ի լույս 4-ի գիշերը քնած ժամանակ հանկարծամահ է եղել ՀՀ ՊՆ N զորամասի եռամսյա վարժական հավաքի մասնակից, պահեստազորային շարքային Ատոմ Ռազմիկի Հարությունյանը (ծնվ. 1978թ.)։
 
____
 
Օգոստոսի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 Ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղի վարչական շրջանում՝ Սևանա լճում լողալիս, ջրահեղձ է եղել մի քաղաքացի։
 
Ավելի ուշ պարզվել է, որ վերոնշյալ քաղաքացին եռամսյա զորահավաքի մասնակից է, ով այդ պահին, դեռևս անհայտ պայմաններում, գտնվել է այդ տարածքում։
 
_____
 
Օգոստոսի 7-ին հանկարծամահ է եղել N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Արշալույս Վռամի Հովհաննիսյանը (ծնվ. 1976 թիվ):
 
_____
 
Օգոստոսի 9-ին հանրապետության հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված N զորամասի կրակային դիրքում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էրիկ Արմենի Ղարսյանի (ծնվ. 2003թ.) դին՝ կրծքավանդակի շրջանում հրազենային վիրավորումով։
 
Տարվում է քննություն՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար։
 
_____
 
Օգոստոսի 14-ին, ժամը 15:20-ի սահմաններում, կտրուկ վատթարացել է ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Մանվել Մյասնիկի Թադևոսյանի (ծնվ. 1981թ.) ինքնազգացողությունը: Չնայած անմիջապես ցուցաբերված բժշկական օգնությանը` զինծառայողի կյանքը փրկել չի հաջողվել:
 
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ մահվան պատճառը պարզելու համար»:

← Վերադառնալ ցուցակին