Լուրեր

«Ի՞նչ եք ուզում ընդդիմությունից. ընդդիմությունը 45 օր փողոցից տուն չէր գնում, գայիք՝ միանայիք. ձեռք էին առնում, ասում էին՝ հայրենիքը փրկեցի՞ք, դե դուք գնացեք՝ փրկեք». Շարմազանով

06.08.2022

 «Այս հարցը ազգային գոյաբանական խնդիր է. այն բերել ընդդիմություն-իշխանություն օրակարգ, դա Նիկոլին ծառայելու գլխավոր մանր տրյուկներից մեկն է: Ով մտահոգ է, ընդդիմությունը 45 օր փողոցից տուն չէր գնում, գայիք՝ միանայիք: Ասում էիք՝ նախկիններն այնտեղ են, դրա համար չենք գալիս, հիմա էլ նախկիններն այնտեղ չեն, գնացեք՝ փրկեք»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը:

 
 
«Մեկը գրում է՝ Վեհափառը ինչո՞ւ կոչով հանդես չի գալիս. Վեհափառը կոչով նո՞ր է հանդես եկել: Էդուարդ Շարմազանովը՝ որպես ՀՀԿ ղեկավար կազմի անդամ, և իմ բոլոր ընկերները փողոցում պայքարում էինք, մեր կողքին կանգնե՞լ եք, մինչև հիմա ասում եք՝ Սերժն ինչո՞ւ գնաց հրապարակ, Շարմազանովն ինչո՞ւ գնաց… ընդդիմությունն էլ ի՞նչ պետք է անի: Ընդդիմությունն իշխանությո՞ւն է: Ընդդիմությունը եղել է իշխանություն, պատերազմն էլ հաղթել է, դուք էլ մեզ մերժել եք: 2016թ. Սերժի ժամանակ պատերազմ է եղել, 4 օրում Ալիևին ծնկի է բերել և՛ դիվանագիտության մեջ, և՛ ռազմի դաշտում, էլ ի՞նչ եք ուզում: Դուրս եկաք՝ մեզ մերժեցիք, հետո էլ գցեցիք մեր գրպանը, թե՝ դուք բերեցիք, հիմա էլ դուրս ենք եկել փողոց, ասում եք՝ քանի Շարմազանովն այնտեղ է, մենք չենք գա. Հիմա ի՞նչ եք ուզում ընդդիմությունից: Ձեր սիրելի Նիկոլը ամբողջը տվել է: Դեռ Նիկոլը վարչապետ չէր դարձել, ասել եմ՝ դու չես կարող լինել գերագույն գլխավոր հրամանատար, ի՞նչ է հետևել դրան՝ իմ ու Աշոտյանի դագաղներն էին դուրս բերել ու սև ժապավեններ փակցրել: Հիմա ընդդիմությունն էլ ի՞նչ անի»,- ընդգծեց նա:
 
Էդուարդ Շարմազանովը հիշեցրեց, որ ի սկզբանե քննադատել են գործող իշխանություններին, զգուշացրել, թե ինչ աղետներ են սպասվում երկրին, եթե Փաշինյանի իշխանությունը շարունակի կառավարել.
 
 
«Մենք ասել ենք՝ եթե այս մարդը մնա, ամեն օր կորուստներ են լինելու, մենք էլ երդվել ենք, որ իշխանության գալու խնդիր չունենք, խնդիրը հայրենիքի փրկությունն է: Հուլիսի 29-ի մեր միտինգին այդ քննադատողներից քանի՞սն էին մասնակցում: Միտինգ ենք անում՝ ասում են՝ ինչո՞ւ են անում, միտինգ չենք անում՝ ասում են՝ ինչո՞ւ չեն անում, ի՞նչ պետք է անի ընդդիմությունը: Ընդդիմությունը վա՞տ է անում, դուք արեք, սա ընդդիմության և իշխանության խնդիր չէ»:
 
 
Նա նկատեց՝ իշխանությունները երկիրը մաս-մաս հանձնում են, չեն կարողանում գերիներին վերադարձնել, իսկ նրանց հետ փոխկապակցված ուժերը դրանում էլ են ընդդիմությանը մեղադրում.
 
«Մեր գերիներին դատում են, Նիկոլը թուրքին հրավիրում է Հայաստան. Ընդդիմությունն ի՞նչ անի: Կամ ռուսն է մեղավոր, կամ ընդդիմությունը, կամ Վեհափառը, կամ Տիգրան Մեծը: Մեղավոր են երկու ինստիտուտ՝ թուրք-ադրբեջանական տանդեմը և նրանց շահերը սպասարկող Նիկոլ Փաշինյանի իշխանությունը: Մնացածը ով ուրիշ մեղավոր է փնտրում, կամ առաջինի կողմից է, կամ երկրորդի: Ընդդիմությունը երբ միտինգներն սկսել է, ի՞նչ է ասել. Ձեռք էին առնում, ասում էին՝ հայրենիքը փրկեցի՞ք. դե դուք գնացեք՝ փրկեք: Այդ էժանագին դեմքերը Նիկոլից բեթար են. ավելի լավ է լինեն ազնիվ նիկոլական, քան լատենտ խաղեր տվողներ, որոնք փող են ստանում ընդդիմությանը քննադատելու համար: Այս հեղափոխությունն արվել է երկու նպատակով՝ ազգայինը ոչնչացնել, Արցախը տալ, երկրորդ՝ փոխել Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը դեպի ՆԱՏՕ-ական Թուրքիա, վերջ:
 
Հիմա այդ նույն բանը գնում է: Կառավարության վերջին նիստին ամեն ինչ գցեց ռուսի գրպանը: Բա, որ ամեն ինչ ռուսը պետք է անի, դու ինչացո՞ւ ես, պարգևավճար ինչո՞ւ եք ստանում, հեն է՝ Պուտինին կտան այդ պարգևավճարները: Ամեն ինչ գցեց ռուսի գրպանը, ասաց՝ պարոն Ալիև, պարոն Էրդողան, ճամփեքը բաց են, ձեր ցավը տանեմ: Իսկ ամենավտանգավորը, որ ասաց՝ եթե Ադրբեջանը և ռուս խաղաղապահները կպայմանավորվեն, որ չեն կրակի, Արցախի ՊԲ-ն սահմանների պաշտպանություն չի իրականացնի: Հասկանո՞ւմ եք՝ սա ինչ է: Էլիտային վարկաբեկեցին, ինչ ասես՝ ասացին, հիմա էլ բանակը զինաթափում են, ազգն էլ ծափահարում է, հրավառություն է անում: Վերջ»:
 
Ռազմիկ Մարտիրոսյան

168.am

← Վերադառնալ ցուցակին