Լուրեր

Շատ ծանր է առաջնագծում կանգնած զինծառայողի համար գիտակցել, որ թիկունքում պետություն և քաղաքական պատասխանատվություն կրող ղեկավար չկա. Պատգամավոր

05.08.2022

 Մենք մեր զինծառայողներին միայնակ թողնելու և գլուխներս ազատելու իրավունք չունենք, այս մասին հայտարարել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

 
Նա ընդգծել է՝ անկախ ՀՀ քաղաքական իշխանության տապալումներից և հայրենիքի դեմ ծավալած դավադրություններից, պետք է արժանին մատուցել բոլոր այն զինծառայողներին, ովքեր հետպատերազմյան բարդ, ծանր իրավիճակում պատվով կատարում են իրենց մարտական խնդիրը։
 
«Շատ ծանր է առաջնագծում կանգնած զինծառայողի համար գիտակցել, որ իր թիկունքում պետություն և քաղաքական պատասխանատվություն կրող ղեկավար չկա ու, միևնույն ժամանակ, ուժերի գերլարումով կենտրոնանալ ծառայության և երկրի պաշտպանության վրա։ 
 
Մենք մեր զինծառայողներին միայնակ թողնելու և գլուխներս ազատելու իրավունք չունենք։ 
 
Այսպիսի վիճակներում մեր զինծառայողը պետք է իմանա, որ ինչ էլ լինի՝ հասարակության մի մեծ հատված մշտապես սատարելու է հայրենիքի պաշտպաններին։ 
 
Ես ինքս ճանաչում եմ մեծ թվով զինծառայողների, սպաների, ովքեր այս լարված օրերին մեծ նվիրումով ու պատասխանատվությամբ են մոտենում իրենց ծառայությանը և հայրենիքի ու մեր բոլորի պաշտպանության համար պատրաստ են ամեն ինչի։ 
 
Հավերժ փառք հայրենիքի պաշտպանության համար ընկածներին, համբերություն և տոկունություն մեր զինծառայողներին», - Facebook-ում գրել է ընդդիմադիր պատգամավորը։
 
 

← Վերադառնալ ցուցակին