Լուրեր
Պարզ լեզվով ասած՝ Ադրբեջանն առաջիկայում անցակետ կտեղակայի դեպի Բերձոր, Աղավնո, Սուս գնացող հատվածում
02.08.2022
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Արցախում անվտանգության խորհրդի նիստ է գումարվել, որ շրջանակներում քննարկվել է Արցախի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետության հետ կապող միջանցքի հարցը։
«Ադրբեջանական կողմը Արցախում տեղակայված խաղաղապահ զորակազմի միջոցով պահանջ է ներկայացրել առաջիկայում երթևեկությունը նոր երթուղով կազմակերպելու վերաբերյալ»,- նշված է նիստի վերաբերյալ հաղորդագրությունում։
Պարզ, մատչելի լեզվով ասած, Ադրբեջանը առաջիկայում անցակետ կտեղակայի դեպի Բերձոր, Աղավնո, Սուս գնացող հատվածում և Հայաստանից Արցախ շարժը կկազմակերպվի ԱՆԱՎԱՐՏ ճանապարհով։
Հիշեցնեմ, որ արդեն տևական ժամանակ է Ադրբեջանը Լաչինի միջանցքին զուգահեռ նոր՝ 32 կմ-ոց ճանապարհ է կառուցում, որը պետք է սկիզբ առնի ՀՀ Կոռնիձոր գյուղից ու շարունակվի դեպի Շուշիի շրջանի Մեծ շեն, Հինշեն գյուղեր՝ շրջանցելով Բերձոր քաղաքը, Սուս և Աղավնո գյուղերը։
Այս պահին ճանապարհի քիչ հատված է ասֆալտապատված, այսինքն՝ Ադրբեջանը շարժը ուղղորդում է գռունտային՝ անավարտ ճանապարհով։
Ի դեպ, դեպի Կոռնիձոր գնացող հատվածում, որտեղ մոտ 7 կմ հատված զրոյից պետք է ՀՀ կառավարությունը ճանապարհ կառուցի, աշխատանքներ դեռ չեն սկսել, ինչը իրավիճակը նաև այդ առումով է բարդացնում։
Հերթական անգամ Ադրբեջանը խախտում է նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունները և շանտաժի միջոցով փորձում է հասնել իր հերթական հավակնության բավարարմանը։
Իսկ Հայաստանի իշխանությունն իր դերի մեջ է՝ դիտորդի և գլխով անողի, ով վաղուց համակերպվել է և հանրությանը նախապատրաստել է չդադարող զիջումների»։