Լուրեր

Իշխանությունը 44-օրյա պատերազմի ողջ գործընթացը բարդելու է զինվորականների վրա. Տիգրան Աբրահամյան

30.07.2022

 Իշխանությունը 44-օրյա պատերազմի ողջ գործընթացը բարդելու է զինվորականների վրա, եւ դա ունի մեկ նպատակ, ոչ թե իրականում բացահայտելու մեր խոցելիությունը եւ իրականում այն հրամանատարներին, ովքեր տապալել են եւ նաեւ հողային կորուստների կամ մեր զինծառայողների մահվան պատճառ են դարձել, այլ այստեղ ավելի շատ նպատակն այն է, որպեսզի արդարացվի քաղաքական գլխավոր մեղավորն ու պատասխանատուն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

«Իշխանությունը նախապատրաստել է ընդհանուր քաղաքական, քարոզչական պլան, որը ենթադրում է որոշակի պարբերականությամբ տարբեր զինվորականների ձերբակալություններ, կալանավորություններ, դավաճանությունների դեպքերով այսպես կոչված բացահայտումներ եւ այլն: Այլ բան, որ այդ ձերբակալում, կալանավորումից հետո նրանց մի մասի խափանման միջոցը փոխվում է,  մի մասը առհասարակ ազատ է արձակվում հանցակազմի բացակայության պայմաններում: Քանի որ այդ հրամանատարը նշանակվել է 2019 թվականին, դա այդպես է, առհասարակ 2018 թվականի հայտնի իրադարձություններից հետո պաշտպանության բանակի հրամկազմը 90 տոկոսով փոփոխությունների, վերադասավորումների է ենթարկվել: Կոնկրետ այս գործով որեւէ մեկնաբանություն չեմ կարող տալ անմեղության կանխավարկածը չխախտելով, ամեն դեպքում իմ համար ակնհայտ է, որ իշխանությունը 44-օրյա պատերազմի ողջ գործընթացը բարդելու է զինվորականների վրա, եւ դա ունի մեկ նպատակ, ոչ թե իրականում բացահայտելու մեր խոցելիությունը եւ իրականում այն հրամանատարներին, ովքեր տապալել են եւ նաեւ հողային կորուստների կամ մեր զինծառայողների մահվան պատճառ են դարձել, այստեղ ավելի շատ նպատակն այն է, որպեսզի արդարացվի քաղաքական գլխավոր մեղավորն ու պատասխանատուն եւ իշխանությունը զերծ մնա պատերազմի հետեւանքների համար պատախանատվություն կրելուց»,- ասաց նա: 

Պատգամավորի խոսքով` պատերազմի հետեւանքով Հայաստանն ու Արցախը եւ՛ մարդկային եւ՛ տարածքային մեծ կորուստներ են ունեցել եւ եթե նույնիսկ սա տարբեր ժամանակահատվածներում ակտիվ քաղաքական դիսկուրսի թեմա չի դառնում,  այն հասարակության ներսում մնացող էներգիա է եւ մի օր դուրս է գալու:

«Բնական է, որ իշխանությունը անընդհատ փորձում է  իր վրայից ցրել պատասխանատվությունը, եւ դա բարդել առանձին անձանց վրա: Ես ինքս ճանաչում եմ 44-օրյա պատերազմի մասնակիցների, որոնք մեծ շուքով կալանավորվել են, մեղադրանքներ են առաջադրվել եւ նրանց գործերը կամ դանդաղել են, ամիսներով որեւէ ձեւով չեն շարժվում, չեմ խոսում դեռ այն մարդկանց մասին, որոնց դեմ հարուցված քրեական գործերը կարճվել են»,- հավելեց  նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ կալանավորվել է 2020 թվականի արցախյան պատերազմի ընթացքում պաշտպանության բանակի nւ պաշտպանական շրջանի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած բարձրաստիճան սպան: Ըստ ՔԿ հաղորդագրության` բարձրաստիճան սպան  պատերազմի նախորդող օրը խնջույք է կազմակերպել, որին մասնակցել են զորամասի բոլոր զինվորականները, սեպտեմբերի 27-ին էլ շարունակել է դրսեւորել անգործություն եւ չի կատարել իրավական ակտերով իրեն վերապահված լիազորություններն` պատճառ դառնալով ողջ զորաքմասի նահանջին եւ դրա հետեւանքով Մարտակերտի Թալիշ եմ Մատաղիս գյուղերը թշնամու վերահսկողության տակ անցնելուն:

news.am

← Վերադառնալ ցուցակին