Լուրեր
Նիկոլի պարտվողականության պատճառով պաշտոնական Բրյուսելի համար չկան Լեռնային Ղարաբաղ եւ հայ ռազմագերիների խնդիր. Աշոտյան
23.07.2022

Նիկոլի պարտվողականության պատճառով պաշտոնական Բրյուսելի համար չկան Լեռնային Ղարաբաղ եւ հայ ռազմագերիների խնդիր։
«Բրյուսելի համար այլեւս չկա Ղարաբաղ եւ հայ ռազմագերիների խնդիր» պնդմանս համար հիմք է հանդիսացել 18-20 էջանոց մի պաշտոնական փաստաթուղթ , որ մի քանի օր առաջ հայտնվել է իմ ձեռքում:
Փաստաթուղթը պատրաստվել է Եվրոպական հանձնաժողովի կողմից, հրապարակվել է այս տարի հուլիսի 15-ին եւ կոչվում է «Ադրբեջանի հետ գործընկերության իմպլեմենտացիայի զեկույց»:
ԵՄ-Ադրբեջան գործընկերության խորհրդի նիստին ընդառաջ եվրոպացիները պատրաստել են մի զեկույց, որտեղ ամփոփված են Ադրբեջանի հետ իրենց հարաբերությունները, գնահատականները, տարբեր ոլորտներում արձանագրված խնդիրները, հաջողությունները:
Դա պաշտոնական փաստաթուղթ է՝ ստորագրված Եվրոպայի հանձնաժողովի գլխավոր քարտուղարի կողմից և պատրաստվել է արտաքին և անվտանգային հարցերով եվրոպական հանձնաժողովի բարձրագույն հանձնակատար ժոզեպ Բորելի գրասենյակի կողմից:
Սա հերթական փաստաթուղթն է, որտեղ նաեւ արծարծվում են կամ պիտի արծարծվեին մեր խնդիրները, եթե ունենայինք նորմալ իշխանություն, հիշենք նաև վերջերս կնքված գազային համաձայնագիրը (մանրամասները տես այստեղ ՝ https://www.facebook.com/armen.ashotyan/videos/938036240928968)
Ադրբեջանի հետ հարաբերությունների համատեքստում ԵՄ-ն գնահատական է տվել նաև տարածաշրջանային անվտանգային խնդիրներին, զարգացումներին և ամբողջ տեքստում գեթ մեկ անգամ չկա «Լեռնային Ղարաբաղ» եզրույթ:
Խոսելով հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին՝ պաշտոնական Բրյուսելը ամբողջությամբ հրաժարվել է «Լեռնային Ղարաբաղ» ձեւակերպումից եւ ընդամենը մեկ անգամ օգտագործված է ադրբեջանցիների կողմից հանդուրժվող «Ղարաբաղ» բառը:
ԵՄ պաշտոնական արձանագրումով Լեռնային Ղարաբաղ գոյություն չունի և սա հետեւանք է Նիկոլ Փաշինյանի դավաճանական, տգետ քաղաքականության:
* ԻՆՉՈՒ՞
ԵԽ նախագահ Շարլ Միշելի նախագահությամբ եւ միջնորդությամբ Նիկոլ Փաշինյանի եւ Ալիեւի վերջին բրյուսելյան հանդիպումից հետո Շարլ Միշելը կողմերի հետ համաձայնեցված պաշտոնական «պրես-ռելիզ» թողարկեց, որտեղ «Լեռնային Ղարաբաղ» եզրութ ընդհանրապես օգտագործված չէր և նշվում էր «Ղարաբաղի էթնիկ հայեր» ձևակերպումը. այս նույն ձեւակերպումները արդեն տեղ են գտել ոչ թե «պրես-ռելիզում», այլ պաշտոնական գնահատականի մեջ, ԵՄ պաշտոնական փաստաթղթերում:
Սա Բրյուսելում Նիկոլ Փաշինյանի համաձայնվելու հետեւանք է՝ «Լեռնային Ղարաբաղ» այլեւս գոյություն չունի, կա «Ղարաբաղ», որտեղ կան էթնիկ հայ բնակիչներ:
Սա է Նիկոլի պատճառով ԵՄ կողմից բաց կերպով մատուցվող քաղաքականությունը, այն դեպքում, երբ Սերժ Սարգսյանի թողած ժառանգությամբ՝ 2017 թ. ստորագրած ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով ֆիքսված էր ոչ միայն «Լեռնային Ղարաբաղ», այլ նաև «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման սկզբունքները», այդ թվում՝ ժողովրդի ինքնորոշման իրավունքը:
ԵՄ այս պաշտոնական փաստաթղթով հայ ռազմագերիների մասին խոսվում է մի անգամ ընդամենը, որ նոյեմբերի 10-ից հետո ԵՄ-ն քանիցս կոչ է արել ազատել պահվող անձանց:
Ուրիշ ոչինչ և դա այն դեպքում, երբ կա առանձին կտոր Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների, կալանքների, հետապնդումների , կտտանքների, տանջանքների մասին, բայց ոչ մի խոսք հայ ռազմագերիների խնդրի, նրանց նկատմամբ բռնությունների, շինծու դատավարությունների մասին:
Վստահ եմ, որ ո՛չ ԱԳՆ-ն, ո՛չ ԱԽՔ-ը չեն կարդացել այս փաստաթուղթը, որտեղ կան ձևակերպումներ, որոնք անգամ այս իրավիճակում կարելի է փորձել օգտագործել Ադրբեջանի հետ դիվանագիտական «կռիվներում»՝ Բրյուսելում:
1. Ազգային փոքրամասնությունների մասին արձանագրվում է, որ Ադրբեջանում այսօր ապրող ապրող ազգային փոքրամասնությունները զրկված են օրենսդրական մեխանիզմներից, որպեսզի կարողանան ամբողջությամբ իրացնել իրենց իրավունքները:
Սա լրջագույն «կռվան» է ասելու ՝ guys, դուք եք փաստում, որ Ալիևը չի կարողանում և չի ուզում պաշտպանել փոքրամասնությունների իրավունքները, ու՞ր եք Արցախը ցանկանում բռնակցել Ադրբեջանին:
2. ԵՄ-ն դեռ արձանագրում է, որ վերջին պատերազմի ժամանակ կատարված պատերազմական հանցագործությունները պետք է հետաքննվեն:
44-օրյա պատերազմի ընթացքում կան արձանագրումներ, փաստական ապացույցներ, որ Ադրբեջանը գործել է պատերազմական հանցագործություններ ՝ գլխատումներից մինչ ֆոսֆորային զինամթերքի օգտագործում:
Եթե Հայաստանի իշխանությունները թուրքին չներեին մեր անունից, կհետապնդեին, որպեսզի ագրեսոր պետությունը պատժվի:
Իշխանափոխության դեպքում դեռևս հնարավոր է ԵՄ-Ադրբեջան նոր համաձայնագրի նախապատրաստական աշխատանքների ավարտին Բրյուսելում աշխատանքներ տանել, որպեսզի առնվազն մի շարք թեմաներ՝ ռազմագերիներ, հայկական մշակութային ժառանգություն, ադրբեջանական ագրեսիայի դատապարտում և այլ կարևոր թեմաներ դրվեն որպես նախապայման: