Լուրեր

Ադրբեջանցիների պահանջները ցավալիորեն կյանքի են կոչվում

19.07.2022

 Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր խոսել է այն մասին, որ Արցախի Հանրապետությունում Հայաստանից զորակոչված զինծառայողներ սեպտեմբերից հետո այլևս չեն լինելու։

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը մեզ հետ զրույցում ընդգծում է, որ այս թեմայի մասին երկու տարի է, ինչ խոսում էին։ Հաշվի առնելով, որ 2020 թվականի պատերազմից հետո Հայաստանից Արցախ զորակոչ չի եղել, ակնհայտ էր, որ զորակոչի հետ կապված խնդիրներ լինելու էին։
 
«Բնականաբար, դա չի կարող չանդրադառնալ Արցախի ընդհանուր անվտանգության միջավայրի վրա։ Անկախ այն հանգամանքից, թե այսպես կոչված այլընտրանքային ինչ լուծումներ կբարձրաձայնեն հայաստանյան տարբեր պաշտոնյաներ, ակնհայտ է, որ գոնե կարճաժամկետ կտրվածքով առանց պարտադիր ժամկետային զինծառայողների, այն խնդիրները, որոնք կարող էինք լուծել պարտադիր ժամկետային զինծառայողների առկայության պայմաններում, այս փուլում այս խնդիրները չեն լուծվի։ Կա նաև այն հանգամանքը, որ Հայաստանը պետք է լինի Արցախի անվտանգության երաշխավորը և բնականոն զարգացման երաշխավորը։ Բայց այս պայմաններում ակնհայտ է, որ Հայաստանը դրա մասին հրապարակային չի հայտարարում։ Ամեն ինչ չի, որ հայտարարություններով է։ Կան որոշակի քայլեր, կամ այդ քայլերի բացակայություն, որի հիման վրա կարելի է եզրակացնել իրականության մեջ Հայաստանը անվտանգության երաշխավորի դեր ստանձնում է, թե չի ստանձնում։
 
Պատգամավորը չի բացառում, որ կարող է այնպիսի մոդել ներդրվի Արցախում և Հայաստանում, որի պայմաններում, եթե նույնիսկ Արցախում չլինեն Հայաստանից զորակոչված ժամկետային զինծառայողներ, հնարավոր լինի Արցախի անվտանգության հետ կապված հիմնական խնդիրները լուծել։ Միաժամանակ նշում է, որ այդպիսի մոդել դեռ չկա ներդրված։
«Դա ենթադրում է և կառուցվածքային, և սպառազինությունների առումով բարեփոխումներ։ Հայաստանում իշխանության փոփոխությունը միայն ուղղված է իշխանության պահպանմանը, զինված ուժերում՝ զինվորականների ներկուսակցական վերահսկողության տակ առնելուն։ Այնպես որ այնպիսի փոփոխություններ, որոնք կարող են ստեղծված իրավիճակում բերել Արցախի անվտանգության ապահովվմանը ես չեմ տեսնում։
 
Փաստենք, որ Հայաստանը Ադրբեջանի պահանջներից մեկն էլ կատարեց «Ցավալիորեն պետք է արձանագրել, որ բացի այն հանգամանքից, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթով էր Հայաստանին մեծ թվով պահանջներ ներկայացվել, հետպատերազմյան ժամանակահատվածում Ադրբեջանը ընդլայնեց Հայաստանին ներկայացնող պահանջները։ Դա վերաբերում էր, օրինակ՝ ականապատ դաշտերի քարտեզների՝ Ադրբեջանին տրամադրմանը, նոյեմբերի 9-ի փաստաթղթով նախատեսված այլընտրանքային ճանապարհին, որի շրջանակներում Ադրբեջանը ամեն ինչ արեց, որպեսզի այլընտրանքային ճանապարհը շրջանցի Բերձոր քաղաքը, Սուս և Աղավնո գյուղերը։ Այսինքն՝ ադրբեջանական հավակնությունը միայն նոյեմբերի 9-ի այդ խայտառակ փաստաթղթով չի շարունակվում։ Եվ ադրբեջանական ճնշումների ներքո, և հայաստանյան իշխանությունների անգործության պայմաններում ադրբեջանական պահանջները ոչ միայն ավելանում են, այլ դրանց կատարումը Հայաստանի կողմից ցավալիորեն կյանքի են կոչվում»։
 
Հայկ Գևորգյան

hraparak.am
 

← Վերադառնալ ցուցակին