Լուրեր
«ՔՊ կոչվող հայրենադավ խմբակը, մեղմ ասած, ապրում է վախի մթնոլորտում»․ Արտակ Զաքարյան
01.07.2022
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«ՔՊ կոչվող հայրենադավ խմբակը, մեղմ ասած, ապրում է վախի մթնոլորտում: Սա նորմալ է, որովհետև վախը կենդանական բնազդ է: Երբ ԱԺ 70 պատգամավորանոց ֆրակցիան, Ազգային Ժողովը շրջապատում է 700 ոստիկանով ու քննարկում ԱԺ ընդդիմադիր խմբակցությանը՝ իրենց սահմանադրական և օրենսդրական պաշտոններից զրկելու հարցը, ոչ այլ ինչ է քան պրիմիտիվ վախ:
Նրանք չեն հասկանում անգամ, որ այդ կերպ խորացնում են երկրում ստեղծված քաղաքական ճգնաժամը: Ի՞նչ տարբերություն, ընդդիմությունն ունի ԱԺ նախագահի տեղակալի, հանձնաժողովի նախագահի կամ նրանց տեղակալի պաշտոնները, թե՞ չունի: Նրանք նույնիսկ չեն հասկացել, թե խորհրդարանական ընդդիմությունը ինչո՞ւ է բոյկոտում ԱԺ նիստերը, որտեղ այս օրհասական իրավիճակում քննարկվում են բացառապես հիմար, անօգուտ նախաձեռնություններ:
Նիկոլը հանձնում է Արցախի ու Հայաստանի տարածքները, Նիկոլը խոսում է նոր պատերազմից, Նիկոլը հայ ժողովրդին դրել է ֆիզիկական գոյության վտանգի առջև, Նիկոլը երկիրը մխրճել է անդառնալի պարտքերի մեջ, Նիկոլը ավիրել է Հայոց Բանակը, Նիկոլը Հայոց պետականությունը դրել է հարցականի տակ, իսկ 70 գլուխ ՔՊ-ական պատգամավորների գոյությունն Ազգային Ժողովում պահպանվում է որպես բուտաֆորիայի: Նույնիսկ նրանցից ոմանք ակտիվորեն աջակցում են Ադրբեջանին՝ Հայաստանին չեզոքացնելու հարցում:
Զրկե՛ք Հայրենիքից, զրկե՛ք ազատությունից, զրկե՛ք իրավունքներից, զրկե՛ք պաշտոններից, զրկե՛ք մանդատներից, զրկե՛ք ամեն ինչից և դրանով ապացուցեք, որ Հայաստանի ու Արցախի փրկությունը ձեր կապիտուլյանտական խունտայի հեռացման մեջ է:
Չարորակ ուռուցքը պետք է հեռացվի հայկական քաղաքական օրգանիզմից և որքան ուշ՝ այնքան վատ:
Հիվանդությունը պայքարում է հիվանդի դեմ, իսկ բժիշկը պայքարում է հիվանդության դեմ: ՔՊ կոչվող չարորակ հիվանդության դեմ պայքարելու համար ընդդիմությանը պաշտոններ պետք չեն:
Պետք է, որ ժողովուրդը հասկանա ու վստահի ընդդիմությանը, այլապես չարորակ հիվանդությանը վստահելով՝ Հայ մարդը վտանգի տակ է դնում առաջին հերթին իր կյանքը»: