Լուրեր

«Ադրբեջանը շարունակում է խորացնել առանց այդ էլ տարածաշրջանում խախտված ռազմական հավասարակշռությունը». Տիգրան Աբրահամյան

27.06.2022

 ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Արցախի օկուպացված շրջաններ կատարած այցի ժամանակ Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ միջազգային հարաբերություններում կարևոր դերը պատկանում է ուժի գործոնին, ավելացնելով, որ Ադրբեջանն իր զինված ուժերը բարեփոխելու, նոր սպառազինություն և զինտեխնիկա գնելու ուղղությամբ մեծ աշխատանք է տանում։

 
 
Այս պահին դեռ դժվար է գնահատել, թե ինչ ձեռքբերումների և մատակարարումների մասին է խոսքը, որովհետև տարբեր երկրների հետ պայմանավորվածությունների, բանակցությունների վերաբերյալ անընդհատ տեղեկատվություն տարածվում է, սակայն դրանց հիմնական մասի Ադրբեջանին փոխանցումը, հավանաբար, կիրականացվի 2023 թվականից հետո։
 
Միայն հստակ է, որ Ադրբեջանը շեշտը դնում է տարբեր նշանակության անօդաչու թռչող սարքերի մատակարարման և տեղում համատեղ արտադրման, հատուկ նշանակության զորքերի պատրաստության և նրանց թվի կտրուկ մեծացման, ինչպես նաև՝ Թուրքիայի զինված ուժերի հետ ներդաշնակեցման ու անմիջական կոորդինացման վրա։
 
 
Ակնհայտ երևում է, որ մեր տարածաշրջանում և հատկապես Հայաստանի հետ հարաբերություններում Ադրբեջանի համար որպես իր շահերի առաջ քաշման և բավարարման առանցքային գործոն շարունակելու է մնալ ուժի սպառնալիքը, որը որպես կանոն բանեցվում է շանտաժի ձևով։
 
Ադրբեջանը շարունակում է խորացնել առանց այդ էլ տարածաշրջանում խախտված ռազմական հավասարակշռությունը, ինչը ենթադրում է նրա քաղաքական, ռեգիոնալ հավակնությունների կտրուկ աճ։
 
Հետևանքների մասին նույնիսկ անիմաստ է խոսել, որովհետև տարածաշրջանում և՛ խոցելիության, և՛ դիրքային առումով ամենաբարդը ՀՀ-ի վիճակն է։
 
Իսկ ՀՀ գործող իշխանության հանգամանքը տարածաշրջանում ուժերի հավասարակշռության վերականգնման, անվտանգության համակարգի վերակառուցման, Ադրբեջանին զսպման հնարավորություն չի ապահովում»։

← Վերադառնալ ցուցակին