Լուրեր

«Ա՛յ տգետներ, տխմարներ, ճշտեք՝ Ֆրանսիայի հրապարակում հավաքվում են հարուստնե՞րը, թե՞ 10 հազար դրամով գնացողները». Սամվել Նիկոյան

30.05.2022

 «Երբ կապիտուլյացիան ստորագրվեց, մենք ասում էինք, որ շատ ազգերի մոտ է լինում նման իրավիճակ, որ պարտվում են: Ինչու պարտվեցինք՝ այլ հարց է: Պարտվելն էլ պետք է մարդավարի տանես, ինչպես մնացած բոլոր ազգերը: Ինչ էր պետք անել այդ ժամանակ՝ պարտված ղեկավարը պետք է հեռանար, հասկանար, որ ինքը չի կարող անել որեւէ բան: Բոլորը կուզենան պարտված, ստորացված ղեկավարի հետ գործ ունենան: Արտաքին խաղացողներին պետք չի ազգային արժանապատվություն ունեցող մարդ, բնականաբար, կուզենան, որ պարտվածը մնա:

 
Իրենց պետք չէ մարդ, որն իրենց ասած «այո»-ին ասի՝ «ոչ»»,- այսօր «Հայելի» ակումբում ասաց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Սամվել Նիկոյանը: Ըստ Նիկոյանի, Փաշինյանին կարողանում են պարտադրել ու եթե համեմատեն մինչեւ նոյեմբերի 9-ը ու դրանից հետո կորուստները, դրանք հավասար են. «Մենք կորցրել ենք արժանապատվությունը, պայքարելու ոգին եւ վերականգնվելու ցանկությունը: Ամենավտանգավորը դա է, պարտությունը չէ: Իշխանությունն ինչ է ասում ժողովրդին: 30 տարի Ալիեւն իր ժողովրդին ասել է՝ դուք վատ կապրեք, քանի Ղարաբաղը հետ չենք բերել, ատելություն է սերմանել հայերի հանդեպ: Աշխարհի որ ծայրից ազգանունը հայկական լիներ, Ադրբեջան չէին թողնում մտներ: Դպրոցից, մանկապարտեզից սովորեցրել են՝ ինչպես ատել հայերին: Մեզ ինչ են ասում՝ քանի Արցախը մերն է, լավ չես ապրի, Սերգո ջան, Արցախը պետք է տանք, որ լավ ապրեք: Այդպես դաստիարակվեց սերունդ, մարդկային մի հոծ խումբ, որոնք անընդունակ են պատմական անալիզ անելու, ազգային եւ պետական դիրքերից հանդես գալու:
 
Այդ բանաձեւերը, երբ իրենց տալիս էին, հեշտ էր վերցնել ու դնել իրենց ուղեղի առաջին կամ երկրորդ «յաչեյկա»՝ Ղարաբաղը պետք է տանք, որ լավ լինի»: Նիկոյանն ասաց, որ երկրորդ քարոզը, որ տարել են, բացի Արցախը տալուց, այն է, որ վատ ես ապրում, որովհետեւ քեզ թալանել են. «2012-ին 18% էր կոռուպցիայի ընկալումը, իսկ 2017-ին կոռուպցիայի մակարդակը էլի նույնն էր, բայց ընկալումը հասել էր 35%-ի: 3 անգամ շատ էր, քան իրականում կար»: Դա, ըստ Նիկոյանի, հենց գունավոր հեղափոխության սկիզբն էր, եթե ժողովրդին կարողացել էին հավատացնել նման բան. «Հիմա տեսեք ինչ են ասում Ֆրանսիայի հրապարակում գտնվողներին: Մի մասը ասում են՝ թալանչիներն են, թալանել են, շատ հարուստ են, երկրորդը՝ ասում են, թե՝ 10 հազար դրամով են հավաքվել: Ա՛յ տգետներ, տխմարներ, ճշտեք՝ այնտեղ հավաքվում են հարուստնե՞րը, թե՞ 10 հազար դրամով գնացողները: Մի հատ հլը դուք ինքներդ կողմնորոշվեք, այսինքն, ո՞նց թե հարուստն է, որը 10 հազար դրամով է գնում այնտեղ: Հլը մի հատ հասկացեք, այ տկարամիտներ, ինչ եք ասում՝ ովքե՞ր են այնտեղ:
 
Այնտեղ գտնվում են ազգային մարդիկ, ազգն է այնտեղ: Եթե 1-1,5 տարի առաջ մենք գնում էինք սրա 1/3-ով էինք հավաքվում, քիչ էինք, հիմա արդեն ժողովրդից այն մարդիկ, որոնք կարողանում են ինքնուրույն վերլուծել, հասկանալ ու գնահատել, ժողովրդից դառնում են ազգ, այդ պրոցեսն է գնում Հայաստանում: Հիմա ասում են՝ ինչո՞ւ ժողովուրդը դուրս չի գալիս, եւ այլն: Եղբա՛յր իմ, այդ ո՞ր երկրում է ժողովուրդը հելել եւ ազգային հարց լուծել: Ժողովուրդը լուծում է սոցիալական բունտեր, գունավոր հեղափոխություններ է իրականացնում, իր միջոցով արվում է: Ժողովրդի միջոցով քանդում են հենց ժողովրդի տունը, ինչը արեցին: Ժողովրդով քանդեցին 2018-ին իրենց տունը, մեր տունն էլ հետը քանդեցին, մեր պետությունը, մեր հայրենիքը քանդեցին: Եթե ազգը մտածում է, որ ժողովուրդը պետք է ազգային հարցերով հելնի ոտքի, այդպիսի բան ոչ մի տեղ չի լինում…Սրիկաները 2018-ին փակեցին ՊՆ նախարարի ճանապարհը, այս մարդիկ, որ հավաքված են այսօր, ՊՆ նախարարի ճամփան կփակե՞ն, իհարկե, չեն փակի: ՊՆ նախարար, որը պատմության դասատու է, պետության, բանակի հետ առնչություն չի ունեցել, չի էլ կարող է ունենալ»:
 
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

aravot.am

← Վերադառնալ ցուցակին