Լուրեր
Սարդարապատի ճակատամարտին մասնակցել են հայ ժողովրդի բոլոր խավերի ներկայացուցիչները. Արտակ Զաքարյան
28.05.2022

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մայիսի 22–29-ը Արագածի լանջերից մինչև Արաքս, Սարդարապատից մինչև Սևան գիշեր-ցերեկ անդադար ղողանջել են բոլոր եկեղեցիների զանգերը: Ժողովուրդը զինվել և օգնության է հասել զորամասերին:
Սարդարապատի պաշտպանության կազմակերպումը Թ. Նազարբեկյանը հանձնարարել է Երևանի զորախմբի հրամանատար գեներալ Մովսես Սիլիկյանին:
Պաշտպանական միջոցներ են ձեռնարկվել նաև Կողբի և Իգդիրի ուղղությամբ. գնդապետ Տիգրան Բաղդասարյանի հետևակային 3-րդ բրիգադը դիրքավորվել է Նախիջևան–Շարուր ուղղությամբ:
Սարդարապատի զորախումբը, գնդապետ Դանիել բեկ Փիրումյանի հրամանատարությամբ, դիրքեր է գրավել Սարդարապատի ուղղությամբ հարձակվող թուրքական զորամասին դիմակայելու համար, իսկ 6-րդ հեծյալ և 2-րդ պարտիզանական գնդերին հանձնարարվել է սահմանապահ գումարտակի աջակցությամբ փակել Բաշ Ապարանից Երևան շարժվող թուրքական 9-րդ դիվիզիայի ճանապարհը:
Դանիել Բեկ-Փիրումյանը հայ նշանավոր ռազմական գործիչ, Սարդարապատի ճակատամարտի գլխավոր հրամանատար, ազգային հերոս։
Ծնվել է Արցախի Խաչեն գավառի Նախիջևանիկ գյուղում։ Ավարտել է Շուշիի քաղաքային ուսումնարանը։ Զինվորական ծառայությունն սկսել է 1881-ից, 13-րդ լեյբգվարդիական Երևանյան գնդում։ 1881-83 թթ սովորել է Թիֆլիսի հետևակային յունկերական ուսումնարանում։
1890-ին Փիրումյանին շնորհվել է կապիտանի, 1913-ին՝ փոխգնդապետի կոչում։ Եղել է վաշտի, գումարտակի, գնդի հրամանատար։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ կռվել է Կովկասյան ռազմաճակատում` որպես ռուսական բանակի գնդապետ։
1918 թ մայիսի 26-ին մասնակցել է Սարդարապատի հերոսամարտին որպես ընդհանուր հրամանատար։ Վճռական պահին մարտի հետագա ղեկավարությունը հանձնել է Ալեքսանդր Շնեուրին և նետվել կռվի դաշտ։ Ցուցադրելով զինվորական հմտություն և արիություն, իր գլխավորած ուժերով ռազմաճակատի կենտրոնական մասում ջախջախել ու ետ է շպրտել թուրք զավթիչներին։
Սարդարապատի ճակատամարտին մասնակցել է նաև նրա հորեղբորորդի Պողոս Բեկ-Փիրումյանը՝ որպես Ղարաբաղի մահապարտների գնդի հրամանատար։
1921 թ. գնդակահարվել է բոլշևիկների կողմից Ղարաքիլիսայում։
Սարդարապատի ճակատամարտի մեկ այլ հերոս է Պողոս Բեկ-Փիրումյանը, ով ռազմական գործիչ էր, ռուսական բանակի գնդապետ (1914):
Ծնվ. 1862 թ., գ. Նախիջևանիկ (այժմ՝ ԼՂՀ Ասկերանի շրջանում) և հանդիսանում էր Դ. Ա. Փիրումյանի հորեղբոր որդին:
Ավարտել է Շուշիի զինվորական գիմնազիան (1874) և Թիֆլիսի յունկերական ուսումնարանը (1878): 1878-ից ծառայել է ռուսական բանակում, եղել գումարտակի, գնդի հրամանատար:
1914-ին զորացրվել է, սակայն Առաջին համաշխարհային պատերազմի (1914-18) սկզբին վերադարձել է գործող բանակ, նշանակվել Լուցկի Մստիսլավյան գնդի հրամանատար:
1916-ին փոխադրվել է Կովկասյան ռազմաճակատ՝ որպես Հայկական 5-րդ հրաձգային գնդի հրամանատար, մասնակցել Վանի, Մուշի համար մղված մարտերին: 1916-17-ին՝ Դարալագյազ-Նոր Բայազետի զորաջոկատի հրամանատար:
Մասնակցել է 1918-ի Սարդարապատի ճակատամարտին 5-րդ (Դարաբաղյան) գնդի հրամանատար], կարևոր դեր խաղացել թուրքական զորքի ջախջախման գործում:
Պողոս Բեկ-Փիրումյանի զորավարական հմտությունը բարձր է գնահատել Հ. Ք. Բաղրամյանը: Չտանելով բոլշևիկյան իշխանությունների բռնությունները՝ Պողոս Բեկ-Փիրումյանը ինքնասպան է եղել:
Սարդարապատի ճակատամարտին մասնակցել են հայ ժողովրդի բոլոր խավերի ներկայացուցիչները՝ անկախ քաղաքական համոզմունքներից, սեռից ու տարիքից: Ճակատամարտում լավագույնս դրսևորվել են հայկական ռազմարվեստի ավանդույթները:
Սարդարապատի ճակատամարտի վայրում 1968 թ-ին կառուցվել է հերոսամարտին նվիրված հուշահամալիրը»:



