Լուրեր

«Չհրես ինձ». Մարգարիտ Եսայանը սաստում էր ոստիկաններին

17.05.2022

 «Չհրես ինձ: Դուք խախտում եք օրենքը, խախտում եք Սահմանադրությունը, ինչո՞ւ եք բռնում տղերքին: Ղազանչեցոցը հիշեք, մզկիթ են սարքում: Չե՞ք ամաչում: Հասկանում եմ՝ ծառայության մեջ եք, բայց որ գնում եք տուն՝ մի քիչ մտածեք: Մեզ բան պետք չէ, մեզ պետք է, որ այստեղ լինի Հայաստանի Հանրապետություն, որ մեր ու ձեր երեխաները նորմալ ապրեն»,-այսօր ոստիկաններին դիմեց ՀՀԿ ԳՄ անդամ, նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը՝ հիշեցնելով, որ հավաքն օրինական է, իսկ ոստիկաններն օրենքից դուրս են գործում, երբ բիրտ ուժ են կիրառում ցուցարարների նկատմամբ: Ցուցարարներն այսօր փակել էին նաեւ Նորքի 4-5-րդ զանգվածների հրապարակը: Ֆեյսբուքյան ուղիղ եթերում, Մարգարիտ Եսայանը ցուցադրում էր ոստիկանների բիրտ գործողությունները: «Մի հատ ինձ բռնեք՝ տարեք, տեսնեմ ի՞նչ եք էնտեղ անում, ես սաղիդ հարցերը լուծեմ»,- հավելեց տիկին Եսայանը: Մարգարիտ Եսայանը նաեւ նկատեց. «Ինքը որ գնալու է, երկրորդ կարծիք չկա, կարող է այսօր երեկոյան էլ հրաժարականի դիմումը գրի, դուք եք հետո ամաչելու»:


«Տղերք, Շուշիի մշակույթի պալատը հիշեք: Հայ-թուրքական սահմանի անցակետի անունը Թալեաթ Փաշայի անունով դնել. սա է՞ արժանապատիվ խաղաղությունը», ոստիկաններին դիմեց նաեւ ցուցարարներից մեկը: Հիշեցնենք, որ այսօր, վաղ առավոտից Երեւանում կրկին անհնազանդության գործողություններ են՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։  Երևանի տարբեր հատվածներում ցուցարարները փողոցներ են փակել: Փակ էր նաեւ Մաշտոցի պողոտայից դեպի օդանավակայան տանող ճանապարհը։ Կան բազմաթիվ բերման ենթարկվածներ։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
aravot.am

← Վերադառնալ ցուցակին