Լուրեր

«Ռեժիմի տարրական բանսարկությունն է, հրահանգ է եկել, որ օրը մեկին, մի թղթով կանչեն». Էդուարդ Շարմազանով

13.05.2022

 ՀՀԿ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ հրավիրվել է Քննչականի Կենտրոնի բաժին։

 
 
«Սրանք չհասկացան, որ պայքարից հրաժարվել չի լինելու։ Ռեժիմը բացահայտ անցել է քաղաքական հակառակորդների դեմ ռեպրեսիաների գործելաձևին։
Հ.Գ. Իմ անունը՝ պայքար է, վախճանը՝ հաղթանակ։
Գարեգին Նժդեհ»,- գրել էր նա։
 
Քննչականի Կենտրոնի բաժնից դուրս գալուց հետո 168.am-ի հետ զրույցում Էդուարդ Շարմազանովն ասաց, որ այդպես էլ չի հասկացել, թե ինչու են իրեն հրավիրել քննչական։
 
 
«Չնայած իմաստը հասկացա, թե ինչու են կանչել՝ մի քանի ժամով կտրեն  աշխատանքից, նյարդայնացնեն, տանեն-բերեն։ Դուք պատկերացնո՞ւմ եք, սրանք 2012 թվականի դեպք են հիշել, ճիշտ է՝ ես չեմ էլ մտաբերում, բայց 2012 թվականին,  ըստ իրենց՝ գեյ կամ ոչ ավանդական կողմնորոշում ունեցող մարդկանց ակումբի վրա ազգային, պահպանողական հայացքներ ունեցող երիտասարդներն ինչ-որ հարձակում են արել, և ըստ իրենց, ես էլ անձնական երաշխավորություն եմ տվել, որ նրանց խափանման միջոցը փոխեն։ Իմ պատգամավորական գործունեության ընթացքում տասնյակ, եթե ոչ՝ հարյուրավոր մարդկանց անձնական երաշխավորություն եմ տվել՝ օգտվելով իմ պատգամավորի լիազորությունից։ Հիմա ի՞նչ, եթե հիմա էլ լինի նման ազգային ու պահպանողական մարդկանց խափանման միջոցը անձնական երաշխավորությամբ փոխել՝ կփոխեմ, բա հո չե՞մ թողնելու՝ գնան կալանքի»,- նշեց Է. Շարմազանովը։
 
Նրա խոսքով՝ Քննչականում այդպես էլ չի հասկացել՝ ինչ կարգավիճակով են իրեն հրավիրել, և կատակով հավելեց՝ հաստատ մեղադրյալի կարգավիճակով չի եղել։
 
«Իրենք էլ կոնկրետ բան չգիտեն, ես այդ հանգամանքները չեմ հիշում, 10 տարի առաջ է եղել։ Ասում են՝ կոնկրետ հիշո՞ւմ եք, ի՞նչ եք արել, ինչպե՞ս եք արել, ի՞նչ եմ արել՝ պատգամավորի իրավունքն է անձնական երաշխավորություն տալը։ Նման դեպքերը եզակի չեն, բազմաթիվ դեպքեր կան, որ պատգամավորներն անձնական երաշխավորություն են տալիս։ Բայց սրանց կանչելու նպատակը ո՞րն էր, ի՞նչ էր՝ այդպես էլ չհասկացա։
 
Երևի ուզում են ցույց տան, որ Հայաստանում ոչ տոլերանտ ենք, բայց իմ հայացքները բոլորն էլ գիտեն՝ մշտապես դեմ եմ եղել ոչ ավանդական կողմնորոշում ունեցող մարդկանց, աղանդավորների քարոզներին»,- հավելեց Էդուարդ Շարմազանովը։
 
Նա նաև ընդգծեց, որ Քննչականում ասել են, թե այդ թեմայի վերաբերյալ ինչ-որ մեկը գրառում է արել, այդ պատճառով էլ հիշել են։
 
«Ռեժիմի տարրական բանսարկությունն է, հրահանգ է եկել, որ օրը մեկին, մի թղթով կանչեն։ Վաղն էլ կարող է կանչեն ու ասեն՝ 1896 թվականին ինչ-որ բան է եղել՝ դուք տեղյա՞կ եք։ Կարող է համացանցում մեկն ինչ-որ բան գրի, կանչեն, ասեն՝ 2005 թվականին նման բան է եղել՝ հիշո՞ւմ ես, կամ ճանաչո՞ւմ ես այս մարդուն։ Ֆրանսիայի հրապարակում շատ մարդկանց հետ եմ նկարվում, ի՞նչ իմանամ ճանաչո՞ւմ եմ նրանց։ Սա անիմաստ, անհեթեթ ու աննպատակ քաշքշուկ է»,- եզրափակեց Էդուարդ Շարմազանովը։
 
 168.am

← Վերադառնալ ցուցակին